ՊԱՏՃԱՌ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՓԱԿՈՒՄ ԵՄ ԻՄ ԴՈՒՌԸ ՔՈ ԱՌԱՋ
Բազմիցս նշել եմ իմ համացանցային էջերում և հարցազրույցներում, որ ես հաճախ եմ իմ տեսադաշտից հեռացնում մարդկանց։ Ոմանց արգելափակում եմ, ոմանց առաջարկները մերժում, ոմանց էլ դադարում եմ վստահել, ու այս ամենը՝ շատ արագ որոշման արդյունքում։
Թվում է, թե չի կարելի մարդկանց վանել այդքան արագ, այն էլ՝ առանց երկար մտածելու, բայց արի ու տես, որ չի եղել մեկը, ում արգելափակելուց կամ մերժելուց հետո ափսոսանք ապրեմ։ Իսկ դա նշանակում է, որ մինչ նրան մերժելը ես հաշվի եմ առել ինչ-որ ծանրակշիռ հանգամանք, ինչ-որ լուրջ պատճառ, որի մասին արդե՛ն մտածել եմ երկար, դրա համար էլ այն տեսնելուն պես երկար մտածելու կարիք չեմ ունենում, միանգամից գործի եմ դնում։
Ո՞րն է այդ չափորոշիչը՝ մարդուն աներկբա հեռացնելու մեր տեսադաշտից, որից հետո հաստատ չես փոշմանի։ Ի՞նչ ընդհանուր սխալ են գործում մարդիկ, որոնց հետ ես չեմ ցանկանում շփվել։
Երկար եմ խորհել այս թեմայով։ Վերջապես գտա ու վստահ եմ՝ յուրաքանչյուրդ էլ, եթե քննեք, նույն եզրահանգմանը կգաք, որ ձեր կյանքում էլ կան նման մարդիկ, և դուք էլ չէիք ցանկանա շփվել նրանց հետ։
Մարդիկ, որոնց հետ ես չեմ ցանկանում շփվել, տարբեր ժամանակներում, ոլորտներում ու հարցերում, այս կամ այն կերպ, թույլ են տվել մեկ ընդհանուր սխալ․
ՆՐԱՆՔ ՉԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ
Իսկ ինչպե՞ս է արտացոլվում դա մեր օրերում։
ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԳՆԱՀԱՏՈՂԻՆ
Նախկինում, եթե մեկը հանդիպում էր փողոցում ու շատախոսում մեզ համար անհետաքրքիր թեմաներով, կամ գործի էր դնում մեզ՝ չարաշահելով մեր համբերությունն ու այս ամենով մեզ ուշացնում էր մեր գործերից, դա կոչում էինք «ժամանակը չգնահատել»։
Իսկ այսօր կյանքի տեմպը նույնը չէ։ Այսօր արժեքները փոխվել են։ Այսօր ժամանակը չգնահատելու երևույթը միայն մեզ անօգուտ զրույցներով զբաղեցնելն ու ավելորդ խնդրանքներով մեզ գործի դնելը չէ։
21-րդ դարում դիմացինի ժամանակը չգնահատել նշանակում է վերցնել դիմացինից այն, ինչ քեզ է պետք, բայց չտալ նրան այն, ինչն իրեն է պետք։
Եթե որևէ մեկի հետ ձեր հարաբերությունները կարելի է տեղավորել վերոհիշյալ ձևակերպման մեջ, ուրեմն շնորհավորում եմ՝ դուք գտել եք մարդուն, ով չի գնահատում ձեր ժամանակը։ Իսկ թե ինչպես վարվել նրա հետ, որոշումը ձերն է։
Մեկը խնդրում է իրեն օգնել մի հարցով, որում կարող ես, իսկ երբ խնդրում ես իրեն փոխադարձ օգնել մի հարցով, որում նա է մասնագետ կամ ունի այդ հնարավորությունը, նա հրաժարվում է դա անել՝ փոխարենը առաջարկելով անել այն, ինչը կարող էր անել ցանկացածը։ Սա է կոչվում՝ վերցնել այն, ինչ քեզ է պետք, բայց չտալ այն, ինչն իրեն է պետք։
Ինքս բոլորին տալիս եմ իմ արածը գնահատելու մեկ հնարավորություն։ Դրանից հետո միասին հասկանում ենք, թե ինչպես ենք շարունակելու մեր հարաբերությունները, որը կախված է իր վերաբերմունքից, ոչ թե իմ։ Որովհետև ես իմ կողմից բարեկամական քայլն արդեն արել եմ ու դրանով հաստատել, որ ես դրական եմ տրամադրված։ Իսկ թե ինչպես կշարունակենք մեր հարաբերությունները, կամ կշարունակե՞նք, արդյոք, կերևա նրա շնորհակալության ձևից ու միայն առաջին անգամ։ Ես մի քանի կյանք չունեմ, ո՛չ էլ ժամանակս է անսպառ, որ բոլորի մոտեցմանը ծանոթանամ մի քանի անգամ։ Մեկ հնարավորություն ունեն իմ տվածը գնահատելու և իրենց վերաբերմունքն ի ցույց դնելու։ Իսկ թե ինչպես կպատճառաբանեն անշնորհակալ ու ոչ համահունչ վերաբերմունքն իմ նկատմամբ, էական չէ, որովհետև պատճառաբանություններ կարող են լինել միլիոններով, իսկ հնարավորությունը մեկն է։ Ժամանակ չկա բոլորին դաստիարակելու և տարիներով փորձելու։
ՄԻ ԽԱԲՎԵՔ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ինչպես գնահատում են առաջին անգամ, այնպես գնահատելու են միշտ։