ԻՆՉՊԵ՞Ս ՄԵՐԺԵԼ ՍԽԱԼ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ

ԻՆՉՊԵ՞Ս ՄԵՐԺԵԼ ՍԽԱԼ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ

Երբեք մի շարունակեք թեման, եթե ձեզ զրույցի մեջ խորհուրդ են տալիս անել մի բան, ինչը ձեզ հարիր չէ, վայել չէ ու խորթ է Ձեր տեսակին, Ձեր համբավին։

Օրինակ, խորհուրդ են տալիս այցելել մի մակարդակի խանութ, որտեղ մեծ զեղչեր են, բայց դու այդ մակարդակի խանութներից գնումներ չես կատարում։

Կամ երբ ասում են․ «Գնա այսինչին համարձակ այսպես ասա։ Ես տեր եմ»։

Ու ասում է այնպիսի խոսք, որը դեմ է քո տեսակին։ Դու այդպես չես խոսում։ Քեզ այդպես չեն ճանաչում։

Երբեմն էլ խորհուրդ են տալիս ուտել դրսում պատրաստված սնունդ, բայց դու չես սիրում դրսում վաճառվող սնունդ։

Նման դեպքերում մի կողմից չես ուզում ժամանակ վատնել ու կյանք բացատրել՝ առողջ սննդի մասին, քո ոճի, քո նախընտրությունների մասին, որովհետև միշտ չէ, որ նման զրույցները տեղին են։ Բայց, մյուս կողմից էլ, չես ցանկանում անել իր ասածը։ Դա քո սկզբունքին դեմ է, ինչո՞ւ պիտի համաձայնես։ Ստիպված փորձում ենք զգուշորեն մերժել՝ առանց վիրավորելու, բայց վերջում զգում ես, որ, միևնույնն է, վիրավորվել է՝ չգիտես ինչու։

Ամենահարմար ելքը․ դադարեցրեք տվյալ թեման կտրուկ ու արագ անցեք այլ թեմայի, ասես այդ թեման չէր էլ հնչել։ Դա արեք՝ առանց բացատրությունների, մեկնաբանությունների կամ արդարացումների։

Այսինքն՝ ոչ թե «Չէ, ես նման բան չեմ ուտի, դրանցից ստամոքսս ցավում է» կամ հարցերով ու խորհուրդներով փորձել բացատրել․ «Դա ի՞նչ է, որ ուտում ես, փոշոտ սնունդ է, դրսում դրված, ի՞նչ գիտես՝ ով ա սարքում, ինչ են սարքում», ոչ․ դրա փոխարեն կարող ես ասել․ «Արի մի փոքր քայլենք, դիմացի փողոցում ես մի լավ սնվելու տեղ գիտեմ»։

Ոչ թե «Այդ խանութից շոր չեմ վերցնի, որովհետեւ անորակ է», այլ՝ «Ես մի լավ խանութ գիտեմ, այնտեղ ուզածս շորը կա, անպայման կառնեմ»։ Ասեք ու արագ փոխեք թեման, որովհետև, եթե շարունակեք, վեճ է դառնալու 2 պատճառով․

1․ Եթե մարդը խորհուրդ է տալիս՝ առանց իրեն հարցնելու, ապա նման մարդը շարունակելու է խախտել էթիկետի մյուս կանոնները ևս՝ անձերի, մեծ ու փոքրի և հարգանքի վերաբերյալ զրույցի տարբեր հատվածներում։ Ինչքան էլ փորձեք նուրբ ու զգույշ բացատրել, միևնույնն է, զրույցի որևէ մասում կարող եք լսել նման գռեհիկություն․ «Հա լավ, ի՞նչ ես քեզ եսիմ ում տեղը դրել․ շոր ա էլի․ կամ բոլորն էլ սնվում են էդ տոշկեքից, ի՞նչ մի քեզ դրել ես սրբի տեղ․ յանի դու միշտ մաքուր սնունդ ես ուտում, հա՞», ու գնալով ավելի տհաճ է դառնալու ոչ միայն թեման, այլ նաև զրուցակիցը։ Ուրեմն թեման դադարեցնելը փրկում է նաև երկուսիդ հարաբերությունը։

2․ Բացի այդ, եթե մարդը դիմացինին խորհուրդ է տալիս՝ առանց հաշվի առնելու դիմացինի տեսակը, ապրած կյանքը, ոճը, ապա նման մարդուն տեսակ ու ոճ բացատրելը դարձյալ ժամանակի անօգուտ վատնում է, որովհետև այդքան նրբանկատություն ունենար, չէր ասի։ Կարծում եք՝ Ձեր բացատրելուց հետո միանգամից սկսելու է կյանքին նայել այլ տեսանկյունի՞ց։ Ես չեմ ասում, թե նրանք վատ կամ լավ մարդիկ են։ Պարզապես իրենց մտահորիզոնում չի տեղավորվում այն, ինչը փորձում եք տեղավորել։ Չի կարելի 2 լիտրանոց տարայի մեջ փորձել տեղավորել 5 լիտր ջուր։ Դա անհնար է։ Դրա համար նախ պետք է ձուլել տարան, մեծացնել, ինչը ժամանակ է պահանջում։ Նույնն էլ մարդու մտածելակերպն է։ Մի փորձեք երկար-բարակ բացատրել։ Միևնույնն է, արդյունքը ավելի վատն է լինելու։

Երբ նման մարդուն իր մտահորիզոնից դուրս մի բան ես ասում, իր համար դառնում ես «Թիթիզ, աստղայինդ տարած, ձևական» և այլն։ Օրինակ, երբ փորձես քարոզել որակյալ սնունդ, որակյալ հագուստ, քեզ կարող է ասել․ «Քեզ ո՞ւմ տեղն ես դրել։ Ես տենց ձևական բաներ չեմ սիրում․ կարևորը մարդս մարդ լինի։ Եթե ներքուստ քեզ կայացած ես զգում, կարաս ցանկացած շոր էլ հագնես։ Քեզ հո դրանով չե՞ն գնահատելու»։

Սիրելիներս, հասկացեք, որ կան մարդիկ, որոնց արժեքները տարբերվում են հասարակության հիմնական արժեքներից։ Պարզապես մենք սովոր ենք նրանց վրա փակցնել «Անճաշակ», «Գեղցի», «Բռի չոբան» ու նման այլ պիտակներ։ Սակայն պիտակներով խնդիրը չենք լուծում, այլ կառուցում ենք վիրավորական մթնոլորտ։ Ուրեմն մարդկանց պիտակավորելուց առաջ նախ փորձենք հաշվի առնել դիմացինի մտահորիզոնն ու միանգամից զերծ մնալ տհաճ խոսակցություններից, ավելորդ քարոզներից, որպեսզի դրանցով մարդուն չստիպենք պաշտպանվել, հետո էլ վիրավորվենք ու պիտակավորենք իրար։

Ի դեպ, պիտակավորելուց առաջ հիշիր․ եթե հասկացել ես, որ նա անհասկացող է, իսկ դու՝ հասկացող, ուրեմն ցույց տուր քո տարբերությունը ու գոնե ինքդ սթափ եղիր՝ դադարեցնելու վեճը դեռ չսկսված։

ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵԶ ՈՒ ԴԻՄԱՑԻՆԻՆ
Իսկ թե ինչպե՞ս, համեցեք իմ Տելեգրամյան ալիք, կխոսենք։