7 ԿԱՆՈՆ, ՈՐՈՆՔ ՇԱՏԵՐԸ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՄԵԼԻՍ
Ոմանք կարծում են, որ եթե մասնագետի հեռախոսահամարը գտել են, ուրեմն կարող են ցանկացած պահի զանգահարել։ Եթե նա պատասխանեց մեկ հարցի, կարելի է տալ ևս տասը։ Եթե արդեն տասը հարցի պատասխանեց, կարելի է մի քանի ժամ շարունակել զրույցը։ Իսկ վերջում՝ զարմանալ, որ խորհրդատվությունը վճարովի է ու հրաժարվել խորհրդատվությունից։
Հոգեբանը, բժիշկը, իրավաբանը կամ ցանկացած այլ մասնագետ ձեր հորեղբոր տղան կամ աղջիկը չէ միայն այն պատճառով, որ իր համարը գտել եք համացանցում։ Նրա ժամանակը, գիտելիքն ու աշխատանքը արժեք ունեն։
7 ԿԱՆՈՆ, ՈՐՈՆՔ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՄԵԼԻՍ
1. ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ՀՐԱՎԵՐ ՉԷ՝ ՁԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻՆ ԶԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եթե մասնագետն իր էջում հրապարակել է հեռախոսահամար, դա դեռ չի նշանակում՝ «զանգահարեք ինձ օրվա ցանկացած ժամի»։
Սկզբում պարտադիր պետք է գրել. «Բարեւ ձեզ։ Ցանկանում եմ խորհրդատվություն ստանալ։ Ե՞րբ հարմար կլինի զանգեմ կամ գրանցման կարգն ինչպե՞ս է»։
Անհարգալից է մարդուն անմիջապես զանգահարելը նաև այն պատճառով, որ նույնիսկ չգիտեք՝ նա այդ պահին աշխատո՞ւմ է, ազատ՞ է, թե՞ անձնական հարցերով է զբաղված։
Ձեր խնդիրը կարող է հրատապ լինել ձեզ համար։ Դա չի նշանակում, որ մասնագետը պարտավոր է հենց այդ պահին ազատ լինել։
2. ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ ՀԱՐԳԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
Գիշերվա ժամը 2-ին ուղարկված հաղորդագրությունը չի դառնում նորմալ միայն այն պատճառով, որ «ինձ հենց այդ պահին էր պետք»։ Եթե մասնագետը չի աշխատում գիշերը, հանգստյան օրերին կամ տվյալ ժամին, նրա անձնական հեռախոսահամարը ունենալը չի նշանակում, որ այդ սահմանները վերանում են։
Կամ՝ կիրակի առավոտյան զանգը չի դառնում ընդունելի, որովհետև «միայն մի րոպե էր պետք»։ Պետք չէ ակնկալել, որ մասնագետը ցանկացած պահի պետք է պատասխանի։
Նույնիսկ եթե նա երբեմն պատասխանում է աշխատանքային ժամերից դուրս, դա չի նշանակում, որ մշտապես կարող եք զանգահարել այդ ժամերին։ Հարգեք մասնագետի աշխատանքային ժամերը։
3․ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ՝ «ՈՐՔԱ՞Ն Է ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ»
Սա ամոթի կամ անհարմարության հարց չէ։ Հակառակը՝ մասնագետի աշխատանքը ծառայություն է, և վճարի մասին նախապես հարցնելը ոչ թե անհարմարություն է, այլ նորմալ և պատասխանատու մոտեցում, ինչպես խանութում որևէ ապրանք վերցնելիս, եթե հավանել ենք ապրանքը, մնում է գինն էլ իմանալ ու վերցնել։
Խորհրդատվության արժեքը ճշտեք նախքան երկար զրույց սկսելը, որովհետև բավական տարօրինակ է մի քանի ժամ մասնագետին հարցերով ծանրաբեռնել, նրա գիտելիքից օգտվել, մանրամասն պատմել սեփական իրավիճակը և միայն վերջում ասել. «Սա վճարովի՞ էր»։ Այո՛։ Մասնագետի աշխատանքը բարեգործական պարտավորություն չէ։
4. «ՄԵԿ ՀԱՐՑ ՈՒՆԵՄ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ՄԵԿԺԱՄՅԱ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ
Եթե խնդիրը պահանջում է մասնագիտական վերլուծություն, դա արդեն կարող է լինել խորհրդատվություն, ոչ թե «Մի բան հարցնեմ»։ Հետո՝ երկրորդ հարցը, հետո՝ երրորդը։
Հետո՝ «իսկ եթե այսպես լինի՞», «իսկ այս դեպքում ի՞նչ անել», «Հասկանում եմ, բայց ախր․․․»։
Իսկ վերջում պարզվում է, որ մարդը փաստացի ստացել է երկար խորհրդատվություն՝ առանց խորհրդատվություն պատվիրելու և առանց դրա համար վճարելու։ Հիշեք, եթե հարցը մեկ նախադասությամբ պատասխան չունի, դա արդեն խորհրդատվության թեմա է։ Մի պահանջեք անվճար աշխատանք՝ այն անվանելով «Մեկ հարց ունեմ»։
5. ՄԻ ՊԱՏՄԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ
Մասնագետին առաջին հաղորդագրությունը վեպ չէ։ Եթե նա խնդրել է ներկայացնել խնդիրը համառոտ, ապա պետք չէ ուղարկել 40 սքրինշոթ, 15 ձայնագրություն, նախկին հարաբերությունների ամբողջ պատմությունը և վերջին հինգ տարվա բոլոր իրադարձությունները՝ առանց նույնիսկ հարցնելու՝ դրանց կարիքը կա՞ր արդյոք։
«Եթե անհրաժեշտ է, կարող եմ ուղարկել մեր նամակագրությունից հատվածներ»։ Այս մեկ նախադասությունը շատ ավելի ճիշտ է, քան տասնյակ էջեր ու ձայնայիններ ուղարկելն ու սպասելը, որ մասնագետը պարտավոր է ամեն ինչ կարդալ կամ լսել։
Ոմանք էլ կարծում են՝ քանի դեռ մասնագետը չի ասել «բավական է», կարելի է շարունակել հարցերի տարափը։ Ո՛չ։ Եթե մասնագետը պատասխանել է ձեր առաջին հարցին, դա չի նշանակում, որ դուք կարող եք շարունակել տասնյակ նոր հարցերով։
Մասնագետի յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն նրա աշխատանքային ժամանակն է։ Եթե մարդը 15-20 րոպե ու ավելի տրամադրում է ձեր խնդրին, դա արդեն պարզապես «մի քանի հարցի պատասխան» չէ, այլ անվճար ժամանակի կորուստ։
Սկսեք խնդրի էությունից. «Ընտանեկան հարաբերություններում խնդիր ունեմ և ցանկանում եմ հասկանալ՝ ինչպես կարող եմ աշխատել դրա վրա»։ Մանրամասները կքննարկեք արդեն պայմանավորված խորհրդատվության ընթացքում։
Համառոտ խոսքը հարգանք է դիմացինի ժամանակի նկատմամբ։
6. ՄԻ ՊԱՀԱՆՋԵՔ ՄԱՍՆԱԳԵՏԻՑ ՁԵԶ «ԱԽՏՈՐՈՇԵԼ» ԵՐԵՔ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
«Կարդացի՞ք, ինչ գրեցի։ Ասեք՝ ի՞նչ է ինձ հետ»։
«Իսկ ես սո՞ւտ եմ ասում, ես վա՞տն եմ»։
«Իսկ նա մանիպուլյատո՞ր է»։
Մասնագիտական գնահատականը գուշակություն չէ։ Հատկապես հոգեբանական ոլորտում մեկ-երկու հաղորդագրությունից հետո վերջնական եզրակացություն պահանջելը ոչ՛ իրատեսական է, ոչ՛ էլ մասնագիտական մոտեցում։ Եթե խնդիրը պահանջում է ուսումնասիրություն, քննարկում և մասնագիտական աշխատանք, ապա հենց դրա համար էլ նախատեսված է խորհրդատվությունը։
7. ԳԻՆԸ ՁԵԶ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ՝ ՄԻ ՎԻՐԱՎՈՐԵՔ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
«Այդքան գումար ինչի՞ համար եմ վճարում»։
«Ես ուրիշ տեղ ավելի էժան եմ տեսել»։
«Դե մի հարցի համար այդքան փող տալը շատ է»։
Դուք իրավունք ունեք չհամաձայնելու գնի հետ։ Բայց դա չի նշանակում, որ մասնագետը պարտավոր է արդարանալ կամ պետք է սկսեք խորհուրդներ տալ նրան, թե բա «Ո՞վ է նման գնով աշխատում, Դուք գիտե՞ք որ երկրում եք ապրում, որ այդքան գին եք պահանջում»։ Հաշվի առեք, որ Դուք պարտավոր չեք գնել ծառայություն, որը չեք կարող կամ չեք ցանկանում վճարել։ Բայց նաև ոչ ոք պարտավոր չէ աշխատել այն գնով, որը դուք եք որոշել։ Պետք չէ մասնագետին ապացուցել, որ նրա գինը «շատ բարձր է», կամ պահանջել, որ նա իր ծառայությունն ավելի էժան տրամադրի։
Եթե գինը ձեզ չի համապատասխանում, շատ պարզ լուծում կա. «Շնորհակալություն, չեմ ցանկանում»։ Վերջ։ Գնի վերաբերյալ համաձայն չլինելը կոնֆլիկտ չէ։
Ի ՎԵՐՋՈ ՀԻՇԵՔ՝ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ԱՆՁՆԱԿԱՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ
Խորհրդատվության դիմելու մշակույթը սկսվում է ոչ թե մասնագետին խնդիրը պատմելուց, այլ նրա ժամանակը, աշխատանքը և սահմանները հարգելուց։
Խորհրդատվության դիմելը պարզապես «մասնագետին հարց տալ» չէ։ Դա հարաբերություն է, որտեղ երկու կողմն էլ ունի իրավունքներ և պարտականություններ։ Դուք իրավունք ունեք իմանալու՝ ով է մասնագետը, ինչ ծառայություն է առաջարկում, որքան է դրա արժեքը, ինչպես է կազմակերպվում խորհրդատվությունը և ինչ սահմաններում է իրականացվում այն։
Մասնագետն էլ իրավունք ունի իր ժամանակի, աշխատանքի, մասնագիտական սահմանների և վարձատրության նկատմամբ հարգանքի։ Նա իրավունք ունի չպատասխանելու աշխատանքային ժամերից դուրս, չտրամադրելու անվճար երկար խորհրդատվություն, չվերցնելու ձեզ որպես հաճախորդ և սահմանելու իր աշխատանքի արժեքը։
1․ Սկզբում գրեք խորհրդատվության համար նշված համարին կամ հարթակին և հարցրեք պայմանների, ժամկետների, խորհրդատվության տևողության, արժեքի և այլ մանրամասների մասին։
2․ Եթե կհամաձայնվեք, ապա խնդիրը պատմեք համառոտ, եթե մասնագետը հարցնի։ Իսկ եթե չի հարցնի, ապա կխոսեք խորհրդատվության ընթացքում։
3․ Ոչ մի դեպքում մի պահանջեք անվճար երկար խորհրդատվություն՝ «Մի հարց ունեմ»-ի անվան տակ։
4․ Առանց համաձայնության մի զանգահարեք, մի ուղարկեք Ձեր խնդիրը երկար տեքստով կամ ձայնային հաղորդագրություններով։
5․ Եվ եթե ծառայության պայմանները ձեզ չեն համապատասխանում՝ պարզապես հրաժարվեք՝ առանց մասնագետին խորհուրդներ տալու։