10 ՄԵԹՈԴ, ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵԶ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԸ
Նոամ Չոմսկին ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, հասարակական ակտիվիստ, հեղինակ և քաղաքական վերլուծաբան է։ Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության վաստակավոր պրոֆեսոր է և 20-րդ դարի գիտության ականավոր դեմքերից մեկը։ Նա կազմել է ԶԼՄ-ների միջոցով «Մանիպուլյացիայի 10 ուղիների» ցուցակը, որոնց միջոցով լրատվական դաշտը կառավարում է հանրությանը։
1․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԵՂՈՒՄ
Հանրությանը վերահսկելու հիմնական միջոցը մարդկանց ուշադրությունը կարևորագույն խնդիրներից և որոշումներից շեղելն է՝ տեղեկատվական դաշտն անընդհատ լրացնելով աննշան ու ոչ այնքան կարևոր լուրերով։ Շեղման տեխնիկան շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները չստանան գիտելիքներ և ձեռք չբերեն հմտություններ գիտության, տնտեսագիտության, հոգեբանության և այլ ոլորտներում։
«Շեղել քաղաքացիների ուշադրությունն իրական սոցիալական խնդիրներից՝ անընդհատ մատուցելով աննշան ու անկարևոր թեմաներ։ Ապահովել, որ քաղաքացիներն անընդհատ զբաղված լինեն ինչ-որ բանով և ժամանակ չունենան մտածելու, ինչպես մյուս բոլոր կենդանիները» (մեջբերում՝ «Լուռ զենքեր հանգիստ պատերազմների համար» գրքից)։
2․ ՍՏԵՂԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐ, ԱՊԱ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Այս մեթոդը կոչվում է նաև «խնդիր-արձագանք-լուծում»։ Ստեղծվում է մի խնդիր, որոշակի «իրավիճակ», որը կօգնի բնակչության շրջանում ձևավորել որոշակի արձագանք, որպեսզի նրանք պահանջեն այնպիսի մեթոդների կիրառում, որոնք անհրաժեշտ են իշխող շրջանակներին։
Օրինակ՝ թույլ տալ, որ քաղաքներում բռնության թեման ծավալվի, կամ կազմակերպել արյունալի ահաբեկչություններ, որպեսզի քաղաքացիները ստիպված լինեն պահանջել օրենքների ընդունում, անվտանգության միջոցների ուժեղացում և քաղաքացիական ազատությունների սահմանափակում։
3․ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴ
Ցանկացած ոչ հանրաճանաչ միջոցի ընդունմանը կարելի է հասնել աստիճանաբար՝ օրեցօր, տարեցտարի ներմուծելով այն։
Հարկեր, սեփականաշնորհում, անորոշություն, անկայունություն, զանգվածային գործազրկություն, աշխատավարձերի իջեցում։ Եթե այս ամենը տեղի ունենար միաժամանակ, դա, անշուշտ, կհանգեցներ հեղափոխության։
4․ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ
Ոչ հանրաճանաչ որոշումներն առաջ մղելու մեկ այլ միջոց է դրանք ներկայացնել որպես «անհրաժեշտ, բայց ցավոտ» և ստանալ քաղաքացիների համաձայնությունն այդ որոշումներն իրականացնելու միայն ապագայում, այլ ոչ թե հիմա։
Ապագայում ցանկացած զոհաբերության համաձայնվելը շատ ավելի հեշտ է, քան ներկայում։
Նախ՝ քանի որ դա անմիջապես տեղի չի ունենա։ Երկրորդ՝ քանի որ ժողովուրդը, որպես ամբողջություն, միշտ հակված է միամիտ հույսեր փայփայելու, որ «վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը», և որ կարելի է խուսափել ավելորդ զոհաբերություններից։
Սա քաղաքացիներին ավելի շատ ժամանակ է տալիս ընտելանալու փոփոխությունների գաղափարին և խոնարհաբար ընդունելու դրանք, երբ ժամանակը գա։
5․ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԻՄԵՔ ՈՐՊԵՍ ՓՈՔՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Հանրությանն ուղղված քարոզչական ելույթներում օգտագործվում են տարրական փաստարկներ, ժողովրդական օրինակներ, կերպարներ, բառեր և ինտոնացիա, ասես խոսողը դիմում է թերի զարգացած դպրոցահասակ երեխաների կամ մտավոր արատ ունեցող անձանց։
Ինչքան ավելի շատ են փորձում մոլորության մեջ գցել լսողին, այնքան ավելի շատ են նկատելի դառնում խոսքում կիրառվող մանկական մեթոդները։
Ինչո՞ւ։ Եթե ինչ-որ մեկը դիմում է անձին այնպես, ինչպես կխոսեր 12 տարեկան կամ ավելի փոքր երեխայի հետ, ապա մեծ է հավանականությունը, որ այդ անձի արձագանքն էլ կհամապատասխանի 12 տարեկան կամ ավելի փոքր երեխայի արձագանքին, այսինքն՝ նա խոսքը կընդունի առանց քննադատելու և հակաճառելու։
6․ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԹԵ ՄՏԱԾԵԼՈՒ
Զգացմունքային մանիպուլյացիան դասական տեխնիկա է, որը նախատեսված է արգելափակելու մարդկանց՝ ռացիոնալ վերլուծություն կատարելու ունակությունը և ասվածին քննադատաբար մոտենալու կարողությունը։
Մյուս կողմից՝ հուզական գործոնի օգտագործումը թույլ է տալիս բացել ենթագիտակցության դուռը և այնտեղ ներարկել մտորումներ, երազանքներ, ցանկություններ, վախեր, մտահոգություններ, պարտադրանքներ կամ վարքի այնպիսի դրսևորումներ, որոնք ձեռնտու են մանիպուլյատորին։
7․ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՀԵԼ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ակտիվացնել հանրության անգիտակից վիճակը, որպեսզի մարդիկ ի վիճակի չլինեն հասկանալու, թե ինչ տեխնիկաներ և մեթոդներ են օգտագործվում իրենց ենթարկեցնելու համար։
Հասարակության ցածր խավերին տրվող կրթության որակը պետք է լինի հնարավորինս խղճուկ և միջակ, որպեսզի բարձրից բաժանող տգիտությունը ցածր խավերի համար մնա անհաղթահարելի մակարդակի վրա։
8․ ԽՐԱԽՈՒՍԵՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ՝ ՀԻԱՆԱԼ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՄԲ
Օգտագործելով տեղեկատվական և արժեքային համակարգի վրա ազդելու մեթոդներ (հեռուստահաղորդումներ, ֆիլմեր և այլն)՝ բնակչության մեջ սերմանել այն միտքը, որ մոդայիկ է լինել հիմար, գռեհիկ և անբարեխիղճ։
9․ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄԸ
Ստիպել մարդուն հավատալ, որ միայն ինքն է մեղավոր իր դժբախտությունների համար, որոնք տեղի են ունենում իր մտավոր ունակությունների, կարողությունների կամ ջանքերի բացակայության պատճառով։
Արդյունքում՝ մարդը տնտեսական համակարգի դեմ ընդվզելու փոխարեն սկսում է ինքն իրեն ստորացնել և ամեն ինչում մեղադրել, ինչն էլ առաջացնում է դեպրեսիվ վիճակ՝ ի թիվս այլ խնդիրների՝ տանելով անգործության։
Իսկ առանց գործողության չի կարող խոսք լինել որևէ հեղափոխության մասին։
10․ ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ, ՔԱՆ ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ
Անցած 70 տարիների ընթացքում գիտության առաջընթացը հասարակ մարդկանց գիտելիքների և իշխող դասակարգերի կողմից օգտագործվող տեղեկատվության միջև անընդհատ խորացող անջրպետ է ստեղծել։
Կենսաբանության, նյարդակենսաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «պետական համակարգն» իր տրամադրության տակ ունի մարդու մասին անընդհատ թարմացվող գիտելիքներ և տեղեկություններ՝ ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեկանի բնագավառում։
Համակարգին հաջողվել է ավելին իմանալ սովորական մարդու մասին, քան նա գիտի ինքն իր մասին։ Սա նշանակում է, որ շատ դեպքերում համակարգն ավելի մեծ ուժ ունի և ավելի շատ է վերահսկում մարդկանց, քան նրանք՝ իրենք իրենց։