9 ՊԱՏՃԱՌ, ԻՆՉՈՒ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱԼ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԵՌԱԽՈՍ ԿԱՄ ՄԵԾ ԳՈՒՄԱՐ

9 ՊԱՏՃԱՌ, ԻՆՉՈՒ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱԼ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԵՌԱԽՈՍ ԿԱՄ ՄԵԾ ԳՈՒՄԱՐ

Այս երևույթին ականատես էի եղել անձամբ, թե ինչպես են 7-8 տարեկան երեխաները զրուցում, միմյանց ցույց տալիս իրենց գրպանի ավելի քան 40․000 դր․ գումարն ու կրում 600․000 դր․ արժողության հեռախոս։

Երեխային սիրելը, նրա համար լավ պայմաններ ստեղծելը և նրան հնարավորինս ապահովված մանկություն պարգևելը ծնողի բնական ցանկությունն է։ Սակայն երբեմն ծնողները, իրենց ֆինանսական հնարավորություններից ելնելով, երեխաներին տալիս են այնպիսի նյութական միջոցներ, որոնք ոչ միայն տարիքին համապատասխան չեն, այլև կարող են բացասաբար անդրադառնալ նրանց հոգեբանական զարգացման, արժեքային համակարգի և շրջապատի հետ հարաբերությունների վրա։

Նախ պետք է հասկանալ, որ «շատ գումար» հասկացությունը հարաբերական է։ Նույն գումարը մեկ երկրում կարող է քիչ լինել, մեկ այլ երկրում՝ լինել ամսվա միջին աշխատավարձի չափ։ Մի ընտանիքի համար 40.000 դրամը կարող է աննշան գումար լինել, իսկ մեկ այլ ընտանիքի համար՝ մեկ ամսվա ապրուստի միջոց։ Ուստի «շատ գումար» ասվածը պետք է գնահատել՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի կենսամակարդակը, միջին եկամուտները, մարդկանց ֆինանսական հնարավորությունները և այլն։

Ահա 10 կարևոր պատճառ, թե ինչու նման մոտեցումը կարող է վնասել երեխային։

1. ՆՅՈՒԹԱՊԱՇՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Երբ երեխան դեռ փոքր տարիքից ընտելանում է ամենաթանկարժեքն ունենալու և սրտի ուզածը ստանալու մտքին, նրա մոտ կարող է խախտվել նյութական արժեքների մասին պատկերացումները։

Հետագայում նա կարող է մարդկանց գնահատել ոչ թե իրենց մարդկային որակներով, բարոյական արժեքներով, այլ նյութական ունեցվածքով։

Օրինակ՝ կարող է մտածել, որ ավելի թանկ հեռախոս ունեցող դասընկերը մյուսներից ավելի կարևոր է։ Անիմաստ են ծնողի արդարացումները, թե բա՝ «Ես երեխայիս ճիշտ եմ դաստիարակում, ինքը գիտի, որ մարդկանց այդպես չի կարելի ճանաչել», որովհետև երեխայի մեջ այդ հիվանդագին մոտեցումը երևալու է հետագայում, ոչ թե մի քանի օրվա ընթացքում։ Այսինքն՝ մինչև հասկանում ենք, արդեն ուշ է․ նրա մեջ սխալ արժեքներն արդեն արմատ են տվել ու ձևավորվել։

2. ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

Շրջապատի համեմատ իր նյութական հնարավորությունների առավելությունը տեսնելով՝ երեխան կարող է իրեն մյուսներից առավել զգալ։

Օրինակ՝ նա դասարան է գալիս 600.000 դրամ արժողությամբ հեռախոսով, գրպանում էլ՝ 40․000 դրամ, մինչդեռ դասընկերներից ոմանք նույնիսկ սովորական հեռախոս չունեն, ոմանք էլ գուցե օրական ընդամենը 200-500 դրամ գրպանի գումար ունենան։

Երեխան կարող է սկսել ցուցադրել իր առավելությունը, պարծենալ ունեցածով, մյուսներին թերագնահատել կամ նույնիսկ փորձել նրանց ենթարկել իր ազդեցությանը։

Իհարկե, յուրաքանչյուր երեխա նման վարքագիծ չի դրսևորի։ Սակայն ծնողը պետք է գիտակցի, որ անհավասար նյութական հնարավորությունները կարող են նպաստել նման հոգեբանական դիրքավորման ձևավորմանը։

3. ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՄՅՈՒՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

Պետք է մտածել նաև նրա շրջապատի երեխաների մասին։

Պատկերացրեք՝ 7-8 տ․ երեխան դպրոցում տեսնում է, որ իր դասընկերն ամեն օր մեծ գումարներ է ծախսում, ունի ամենաթանկ հեռախոսը, գնում է այն ամենը, ինչ ցանկանում է, իսկ ինքը չի կարողանում նույնիսկ փոքր ցանկությունները բավարարել։ Նրա մեջ կարող է առաջանալ թերարժեքության զգացում և մի շարք հարցեր.

  • «Ինչո՞ւ ես նման հնարավորություն չունեմ»։
  • «Իմ ծնողները ինչո՞ւ չեն կարող ինձ համար դա գնել»։
  • «Ես նրանցից պակա՞ս եմ»։
  • «Ամաչում եմ իմ հեռախոսից կամ հագուստից»։
  • «Իմ ծնողն ինձ այնքան չի՞ սիրում, որքան իր ծնողը՝ իրեն»։

Այսինքն՝ մի երեխայի համար ստեղծված նյութական առավելությունը կարող է մյուս երեխաների համար դառնալ հոգեբանական ճնշման աղբյուր։

4. ԳՈՒՄԱՐԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՉԳԻՏԱԿՑՈՒՄ

Երեխան պետք է սովորի գնահատել գումարը, իսկ դրա համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես ու ինչ ջանքերով են այն վաստակում և ինչ նպատակներով է ճիշտ օգտագործել։ Իսկ 7-8 տ․ երեխան կարող է այդպես էլ չգիտակցել այդ արժեքը, եթե իր մոտ միշտ եղել է գումարն էլ, թանկարժեք գույքն էլ։

Նրա մոտ կարող է ձևավորվել այն ընկալումը, որ գումարը մշտապես հասանելի ռեսուրս է, այլ ոչ թե աշխատանքի, ժամանակի և ջանքերի արդյունք։ Սա կնպաստի ոչ միայն նրան, որ ինքը հետագայում չի ցանկանա անհրաժեշտ ջանք դնել գումար աշխատելու համար, այլև չի գնահատի մյուսներին, ովքեր գումար են աշխատում այս կամ այն աշխատանքով։

5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻ ԹՈՒԼԱՑՈՒՄ

Երեխայի զարգացման կարևոր փուլերից մեկն այն է, երբ նա սովորում է պատասխանատվություն կրել իր գործողությունների, որոշումների և ունեցվածքի համար։

Եթե նրան տալիս են չափազանց թանկարժեք հեռախոս, բայց չեն սովորեցնում դրա պահպանման պատասխանատվությունը, նա կարող է անփույթ վերաբերվել իրերին, ինչպես սովորական խաղալիքի հետ կվարվեին։ Կամ եթե ծախսված գումարը մշտապես համալրվում է, երեխան կարող է չսովորել պլանավորել ծախսերը, հրաժարվել ավելորդ գնումներից կամ հետաձգել ցանկությունների իրականացումը։

Երեխային պետք է սովորեցնել ոչ միայն ունենալ, այլև կրել անհրաժեշտ պատասխանատվություն՝ ունեցածը պահպանելու, ծախսելու կամ օգտագործելու համար։

6. ՊԱՀԱՆՋԿՈՏՈՒԹՅՈՒՆ, ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ երեխայի ցանկությունները մշտապես բավարարվում են, նա կարող է սովորել, որ մերժումն անընդունելի է։ Օրինակ՝ այսօր ծնողը նրան 600.000 դրամանոց հեռախոս է գնում, վաղը նա կարող է պահանջել ավելի թանկ համակարգիչ, մյուս օրը՝ նոր խաղային սարք, իսկ դրանց մերժումը կարող է ընկալել որպես ծնողի կողմից իրեն չսիրելու կամ իրեն անտեսելու դրսևորում։

Կյանքում, սակայն, ամեն ինչ չէ, որ հասանելի է։ Մարդը պետք է կարողանա սպասել, աշխատել, նպատակներ դնել և ընդունել նաև մերժումները։ Եթե այդ հմտությունները չեն ձևավորվում մանկության տարիներին, հետագայում դրանց բացակայությունը կարող է դժվարություններ առաջացնել հարաբերություններում, ուսման և աշխատանքի մեջ։

7. ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԹԻՐԱԽ

7-8 տ․ երեխան դեռևս բավարար փորձ չունի հասկանալու, թե երբ են իրեն օգտագործում կամ փորձում շահարկել։ Իր մոտ պահվող մեծ գումարը կարող է դառնալ այլ երեխաների կողմից գումար խնդրելու, խաբելու, ճնշելու կամ նույնիսկ գողության թիրախ։

Նաև նրա հետ կարող են ընկերություն անել ոչ թե մարդկային հատկանիշների, այլ գումարի և նյութական հնարավորությունների համար։ Կարող են խնդրել, որ իրենց համար գնումներ կատարի, գումար տա կամ ինչ-որ բան գնի՝ խոստանալով դրա դիմաց ընկերություն կամ աջակցություն։ Դա կնպաստի նրան, որ երեխան չի ունենա իրական հարաբերություններ իրական ընկերների հետ։ Իսկ եթե մեկ օր իր գումարը պակասի, կարող են նրան լքել, ինչն էլ երեխայի համար կլինի սթրեսի պատճառ։ Արդյունքում երեխան կարող է դժվարանալ տարբերել անկեղծ ընկերությունը նյութական շահից։

Ի վերջո, դպրոցը միայն գիտելիք ստանալու վայր չէ։ Այն նաև միջավայր է, որտեղ երեխան սովորում է շփվել, համագործակցել, կիսվել, ընդունել տարբերությունները և հարգել ուրիշներին։ Այս տարիքում երեխային նման ֆինանսական և նյութական պատասխանատվության տակ դնելը ոչ միայն ավելորդ է, այլև կարող է վտանգավոր լինել։

8. ԿԱՐՈՂ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Որոշ ծնողներ ասում են. «Ես հնարավորություն ունեմ, կարող եմ երեխայիս տալ։ Դուք էլ հնարավորություն ունենայիք, դուք էլ կտայիք»։

Առաջին հայացքից այս միտքը կարող է տրամաբանական թվալ։ Սակայն այն սխալ է, քանի որ մարդու հնարավորությունները դեռ չեն նշանակում, որ այդ հնարավորություններից ցանկացած կերպ օգտվելը ճիշտ է։

Նույն տրամաբանությամբ՝ եթե ծնողը հնարավորություն ունի երեխային զենք տալու կամ որևէ այլ բան, որի ձեռքբերումը տվյալ պայմաններում օրենքով արգելված չէ, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անի։ Իհարկե՝ ոչ։

Ամեն ինչ չէ, որ կարելի է անել միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ունես։

Պատկերացնենք՝ երեխան կարատեի է հաճախում և կարողանում է պաշտպանվել կամ հարվածներ կատարել։ Արդյո՞ք դա նրան իրավունք է տալիս աջ ու ձախ բոլորին ծեծել՝ ասելով. «Ես կարողանում եմ, անում եմ։ Դուք էլ կարող եք, դուք էլ արեք»։

Ո՛չ։ Այն փաստը, որ մյուս երեխաները կարատե չգիտեն, նրան իրավունք չի տալիս նրանց ծեծելու, վիրավորելու կամ նրանց նկատմամբ ուժ կիրառելու։

Նույն կերպ, այն փաստը, որ մի ընտանիք կարող է իր երեխային 600.000 դրամանոց հեռախոս կամ 40.000 դրամ տալ, դեռ չի նշանակում, որ դա նպատակահարմար կամ դաստիարակչական առումով ճիշտ քայլ է։ Երեխան մեծանում է որպես հասարակության մասնիկ և պարտավոր է հաշվի նստել հասարակության բարքերի հետ, այլապես վաղը ուշ կլինի։ Նա կսկսի տրորել հասարակության հետաքրքրություններն ու իր հայացքների պատճառով կկատարի գործողություններ, կհայտնվի անհարմար իրավիճակներում կամ, ավելի վատ՝ բանտում։ Իսկ դա արդեն ոչ միայն նյութական, այլև արժեքային դաստիարակության խնդիր է։

9. ՍԽԱԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ՝ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Երբ նման հարցեր են բարձրացվում, որոշ ծնողներ հակադարձում են՝ ասելով, որ թանկարժեք հեռախոս կամ մեծ գումար տալը դաստիարակության հետ որևէ կապ չունի։ Սակայն այստեղ պետք է հասկանալ մեկ կարևոր հանգամանք։ Ի՞նչ ասել է «ԼԱՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»։ Այն բոլորի համար նույնը չէ։

Մեկի համար լավ դաստիարակությունը կարող է նշանակել երեխային ամեն ինչով ապահովել, նրա բոլոր ցանկությունները կատարել և երբեք ոչնչից չզրկել։

Մյուսի համար լավ դաստիարակությունը կարող է նշանակել երեխային սովորեցնել հարգել մարդկանց, գնահատել ուրիշի աշխատանքը, հասկանալ սեփական հնարավորությունների սահմանները, պատասխանատվություն կրել, չգերազանցել ուրիշներին և չօգտագործել սեփական առավելությունները նրանց նկատմամբ։ Երրորդի համար նույն լավ դաստիարակություն ասվածը հնչում է՝ «Ոտքդ տրորողի գլուխը տրորիր, կամ դու կծեծես, կամ քեզ կծեծեն, դուխդ չգցես, պապան հետդ ա, մնացածը կարևոր չի»։

Այսինքն՝ մարդիկ կարող են իրենց դաստիարակության մեթոդները համարել լավագույնը, բայց դրանց արդյունքը բոլորովին այլ լինել, որովհետև ԱՐԺԵՔՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ։ Նայած, թե ինչ արժեքներով ենք առաջնորդվում երեխային դաստիարակելիս։

Ծնողը կարող է անկեղծորեն համոզված լինել, որ իր երեխան լավ է դաստիարակված, մինչդեռ երեխան իր վարքագծով կարող է շրջապատի համար դառնալ լուրջ խնդիր։

Օրինակ՝ երեխան կարող է լինել գերազանցիկ, լավ խոսել, բարեկիրթ արտահայտություններ օգտագործել, բայց միաժամանակ արհամարհել ֆինանսապես իրենից թույլ երեխաներին, ծաղրել նրանց, պահանջել հատուկ վերաբերմունք և չհանդուրժել մերժումները։

Այդ դեպքում ծնողի կողմից «լավ դաստիարակված» գնահատականը դեռ չի ապացուցում, որ երեխան իսկապես ունի առողջ արժեքային համակարգ։

Դաստիարակության որակը պետք է գնահատել ոչ միայն նրանով, թե երեխան ինչպես է պահում իրեն ծնողների ներկայությամբ, այլև նրանով, թե ինչպես է վերաբերվում իրենից թույլերին, ինչպես է արձագանքում մերժմանը, ինչպես է օգտագործում իր հնարավորությունները և որքանով է հարգում ուրիշների իրավունքները։


Պետք չէ շփոթել երեխային սիրելը նրա բոլոր ցանկությունները բավարարելու հետ։ Երեխային դաստիարակելիս պետք է հաշվի առնել երեխայի շահերը, ոչ թե ծնողի ֆինանսական կարողությունը։

Երեխային ամեն ինչ տալը հեշտ է։ Բայց դաստիարակությունն այն է, որ երեխան իմանա, թե ինչու պետք չէ ունենալ ամեն ինչ միանգամից։