5 ՔԱՅԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հաշվի առնելով տղամարդկանց ու կանանց հարաբերություններում հանդիպող հիմնախնդիրները՝ ձեզ համար առանձնացրել եմ 5 մեթոդ, որոնք կօգնեն տղամարդկանց հետ շփման մեջ երկու ուղղությամբ․
1․ Կիրառել՝ անցանկալի տղամարդու հետաքրքրությունը ձեր հանդեպ նվազեցնելու համար։
2․ Խուսափել դրանց կիրառումից՝ ձեր սիրելի տղամարդու հետաքրքրությունը ձեր նկատմամբ պահպանելու համար։
Շատ կարևոր 2 դիտարկում․
ա) Այս քայլերով դուք չեք վիրավորում տղամարդուն, այլ ընդամենը սառեցնում եք նրա ռոմանտիկ հետաքրքրությունը ձեր հանդեպ՝ որպես կնոջ։ Իսկ եթե նրա հուզական կապը ձեզ հետ ամուր լինի, ապա նա կարող է իսպառ չհեռանալ ձեր կյանքից․ պարզապես հարաբերությունները կարող են վերածվել ընկերական շփման, և դուք կարող եք մնալ զրուցակիցներ, հացընկերներ և այլն։
բ) Այս կետերը գիտականորեն հաստատված փաստեր չեն և չեն վերաբերում բոլոր տղամարդկանց։ Սրանք այն վարքագծային դրսևորումներն են, որոնք իմ պրակտիկայում առավել հաճախ են հանդիպել զույգերի հարաբերություններում և տվել այս կամ այն արդյունքը, որի մասին կկարդաք ստորև։
1. ՊԱՏՄԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԻԴ ՄԱՍԻՆ (Հուզական ծանրաբեռնվածություն)
Ես կասեի ոչ թե պատմել, այլ ժամերով «գլուխը տանել» քո խնդիրներով, ինչպես կանեիր քո ամենամոտ ընկերուհու հետ։ Պատմիր հոգեբանական բարդույթներիդ, անցյալի դժվարություններիդ մասին՝ ամենայն մանրամասնությամբ, իսկ ունեցածդ հիվանդությունների մասին՝ դրանց անուններով ու նկարներով։
Իրականում սեփական խնդիրների մասին պատմելն ինքնին սխալ չէ։ Անկեղծությունն ու դժվարություններով կիսվելը կարող են նույնիսկ ավելի մտերմացնել մարդկանց։ Խնդիրն առաջանում է, երբ զրույցների մեծ մասը վերածվում է մեկ մարդու խնդիրները լսելու և նրա հուզական վիճակը կարգավորելու պարտականության։
Հատկապես քայքայիչ ազդեցություն է ունենում նախկին ամուսնուդ, զուգընկերոջդ կամ այլ տղամարդկանց հետ ունեցած հարաբերությունների մասին անվերջ խոսելը։ Դա պայմանավորված է նրանով, որ տղամարդկանց համար կարևոր է զգալ, որ իրենք տվյալ կնոջ կյանքում եզակի են ու արժեքավոր։ Իսկ եթե դու անընդհատ վերադառնում ես նախկին հարաբերությունների թեմային, դրանով ցույց ես տալիս, որ նախկին տղամարդը դեռևս ներկա է քո հուզական դաշտում։ Մի բան է անցյալի խնդրի մասին տեղեկություն հաղորդելը, մեկ այլ բան՝ նախկինի հետ կապված ամեն մի մանրուք հաճախակի հիշելը։
Նախկինների մասին չամոքված հիշողությունները կամ նրանց մասին անդադար խոսակցությունները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ խաթարում են «միակը լինելու և գնահատված զգալու» զգացողությունը, ինչի հետևանքով զրուցակիցը դադարում է քո կողքին իրեն լիարժեք տղամարդ (կամ կին) զգալ։
2. ՇՓՎԻՐ, ԻՆՉՊԵՍ ԸՆԿԵՐՈՒՀՈՒԴ ՀԵՏ ԿՇՓՎԵԻՐ (Էգոցենտրիզմ)
Մտածիր միայն կանացի հետաքրքրությունների մասին՝ այն մասին, թե դու ինչ կուզեիր, ինչպես կուզեիր խոսել, քայլել, երգել, առևտուր անել կամ շփվել։ Երբեք մի մտահոգվիր, թե տղամարդն ինչ կուզեր։ Նրա ասածներին, ցանկություններին ու պատմություններին էլ լուրջ մի վերաբերվիր։ Աշխատիր այնպես անել, որ ձեր հանդիպումներն ու շփումները կենտրոնացած լինեն միայն քո ցանկությունների, կարիքների ու հետաքրքրությունների շուրջ։
Հարաբերություններում որքան շատ ես քո մասին պատմում, այնքան ավելի են մեծանում քեզ լսողի վստահությունն ու հուզական կապվածությունը քեզ հետ։ Իսկ եթե կողմերից մեկը, այս դեպքում տղամարդը դադարում է իր մասին պատմել, որովհետև իրեն լսող չկա, ապա, ամենայն հավանականությամբ, կսկսի ժամանակն անցկացնել այլ մարդկանց հետ, ովքեր հաճույքով են իրեն լսում։ Ու մի՛ շտապիր եզրակացնել, թե նա պարզապես «չի հասկանում քեզ»։ Հնարավոր է՝ նա հոգնել է միակողմանի շփումից։
3. ՎԵՐԱԾՎԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԵՌԻ (Սպառողական վարքագիծ)
Գումար խնդրիր ուղղակ կամ անուղղակի՝ ակնարկների միջոցով։
Խոսքը բնականոն հարաբերություններում կամ ընտանիքում միմյանց աջակցելու մասին չէ, այլ շփման սկզբնական փուլերում սեփական ֆինանսական խնդիրները տղամարդու վրա բարդելու և նրան հիմնականում որպես «ծախսերը հոգացողի» դիտարկելու մասին։ Հատկապես արդյունավետ կլինի, եթե նրա օգնությունը սկսես ընկալել ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես պարտականություն, որը նա պետք է կատարի միայն այն պատճառով, որ տղամարդ է և հայտնվել է քո կյանքում։
Հաճախակի դժգոհիր քո ֆինանսական վիճակից։ Արա ամեն ինչ, որ նա ձեր զրույցների ընթացքում իրեն անհարմար ու լարված զգա, քանի որ անընդհատ արծարծվում է գումարի թեման, և կրկին առաջանում է ինչ-որ ծախս հոգալու անհրաժեշտություն։ Երբ տղամարդը զգում է, որ իրեն դիտարկում են ոչ թե որպես անհատականություն, այլ որպես ֆինանսական միջոց, նա արագորեն կորցնում է հետաքրքրությունը։
4. ՀԱՃԱԽ ԳՈՎԻՐ ԱՅԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ (Սոցիալական համեմատություն)
Տղամարդն իր տեսակով սիրում է լինել ՄԻԱԿԸ։ Թեև նա լավ գիտի, որ քո կյանքում եղել են ու կան նաև այլ տղամարդիկ՝ նախկինդ, եղբայրդ, հայրդ, հարևանդ կամ նույնիսկ իր եղբայրն ու հայրը, բայց դա նրան չի խանգարում։ Նրան կխանգարի այն, որ դու սկսես անընդհատ պատմել այլ տղամարդկանց առավելությունների մասին․ «Նախկինս (կամ հայրս, եղբայրս) հիմա սա արագ կաներ, հարցը կլուծեր», «Տե՛ս, հարևանի ամուսինն ինչ արեց կնոջ համար, իսկ մենք նույնիսկ սա չենք կարողանում անել», «Եթե հայրդ լիներ, հիմա այս խնդիրը չէինք ունենա» և այլն։
Այլ տղամարդկանց մասին հաճախակի գովեստի խոսքերը քո տղամարդուն ստիպում են իրեն երկրորդական զգալ քո կողքին։ Նա զգում է, որ թեև քո կյանքում ֆիզիկապես միակ տղամարդն է, բայց իրենից ակնկալում են, որ ունենա նաև այլ տղամարդկանց որակները։ Սա ամենանվաստացուցիչ զգացումներից մեկն է տղամարդու (ինչպես նաև կնոջ) համար, և նա ինքն էլ կփորձի աստիճանաբար խուսափել քեզ հետ հանդիպումներից, զրույցներից ու շփումներից։
Իսկ եթե նա փորձի հասկանալ, թե ինչու ես հաճախ հիշատակում, որ մեկ ուրիշն ավելի լավն է, կարող ես պատասխանել․ «Ես պարզապես փաստերն եմ ասում»։
Տղամարդը կարող է ընդունել քննադատությունը, քննարկել իր սխալները և նույնիսկ փոխվել, բայց դժվար է պահպանել մտերմությունը մի հարաբերությունում, որտեղ քեզ մշտապես համեմատում են ուրիշների հետ ու հիշեցնում, որ բավարար չափով լավը չես։
5. ՑՈՒՑԱԲԵՐԻՐ «ԶՈՀԻ» ՎԱՐՔԱԳԻԾ ԵՎ ԵՂԻՐ ՀՈՒԶԱԿԱՆՈՐԵՆ ԱՆԿԱՅՈՒՆ (Հուզական շանտաժ / Զոհի համախտանիշ)
Այս կետը տարբերվում է առաջինից նրանով, որ խնդիրներիդ մասին ոչ միայն պատմում ես, այլև ինքդ ես դառնում անվերջանալի խնդիր ու «ականապատ դաշտ» ցանկացած թեմայի և իրավիճակի համար։
Օրինակ՝ հիշում ես անցյալից որևէ դրվագ և դրա հետ կապված արհեստական «կարմիր գծեր» սահմանում․ արգելում ես խոսել որոշակի թեմաներից, արգելում ես քո ներկայությամբ օգտագործել այս կամ այն բառը, իսկ կատակով ասված որոշ խոսքերի արձագանքում ես դեմքի կտրուկ արտահայտությամբ ու հանդիմանում․ «Դա կատակի թեմա չէ», «Ինձ համար դա հեչ ծիծաղելի չէր»։
Ստեղծիր այնպիսի մթնոլորտ, որ տղամարդը ստիպված լինի ամեն րոպե հիշել քո «կանոնները», այլապես կկորցնի իր հանգստությունը, և ամեն մի պատահական նախադասության համար ստիպված կլինի ժամերով սփոփել քեզ՝ կամակոր երեխայի նման։
Խոսքը բարոյական արժեքների, նվաստացման, իրական վիրավորանքի կամ անձնական սահմանների մասին չէ, այլ չափազանցված պահանջների մասին, որոնք ներկայացվում են որպես անձնական սահմաններ։ Մարդը, չնայած չի ապրել քո անցյալի խնդիրները և տվյալ թեմայի հետ կապված որևէ տրավմա չունի, սակայն նրան ստիպում ես քեզ հետ հավասար լարվածություն ապրել միայն այն պատճառով, որ դու դեռ չես կարողացել հաղթահարել անցյալի վերքերը։
Ի դեպ, դու կարող ես պատմել ու կիսվել անցյալում ունեցած խնդիրներիդ ու հուշերիդ մասին, բայց հաշվի առնենք, որ տղամարդկանց մտածողությունը հիմնականում ուղղված է խնդիրների լուծմանը (դրա համար էլ տղամարդուն ընկալում ենք որպես պատասխանատվություն ստանձնող և խնդիրներ լուծողի)։ Ու բնական է, որ տղամարդը լսելով քո խնդիրների մասին՝ փորձելու է լուծումներ առաջարկել։ Իսկ երբ նա հասկանում է, որ դիմացինը հրաժարվում է դուրս գալ «զոհի» դերից, չի ցանկանում լուծումներ գտնել։ Նրան պետք է միայն պատմել իր խնդրի մասին, ու առանց դրանք լուծելու խնդիրներ առաջացնել նաև ձեր հարաբերություններում, ապա նա հասկանում է, որ դու կարծես «վայելում ես» քո տառապանքը՝ դրանով իսկ մանիպուլյացիայի ենթարկելով իրեն։ Նման դեպքերում տղամարդը ենթագիտակցորեն սկսում է խուսափել այդպիսի հուզական բեռից։
Այսպիսով, եթե ուզում ես անցանկալի տղամարդուն հիասթափեցնել, որպեսզի հեռանա քեզանից իր կամքով, ապա մի՛ ձգտիր հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում, մի՛ հետաքրքրվիր, թե ինչպես է նա իրեն զգում, մի՛ փորձիր հասկանալ նրա սահմաններն ու ակնկալիքները։ Շարունակիր նույն վարքագիծը՝ անկախ նրանից, թե դա ինչ ազդեցություն է ունենում ձեր հարաբերությունների վրա ու նա կդադարի հետաքրքրվել քեզանով։
Իսկ եթե ուզում ես պահպանել հարաբերությունները, ապա խուսափիր այս քայլերից ու հիշիր՝ առողջ մտերմությունը չի պահանջում, որ երբեք խնդիրներ չունենաս, չխոսես անցյալի մասին կամ թաքցնես զգացմունքներդ։ Այն պահանջում է փոխադարձ հարգանք, անկեղծություն, հաղորդակցություն և սեփական վարքագծի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։