11 ՊԱՏՃԱՌ, ԻՆՉՈՒ Է ԶՐՈՒՑԱԿԻՑԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՋՆՋՈՒՄ ՁԵՐ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԱՐԽԻՎԸ
Ծանոթի հետ Տելեգրամով շփվում եք․ մի քանի րոպեից կամ 1–2 օրից մտնում եք ու տեսնում, որ նամակների արխիվը չկա։ Մարդը երկկողմ ջնջել ու հեռացրել է արխիվը և՛ իր կողմից, և՛ Ձեր կողմից։ Բնականաբար, ձեր մտքում չի տեղավորվում, թե ինչպե՞ս կարելի է նման բան անել։
Ես քեզ հետ շփվել եմ, ժամանակ ու նյարդեր եմ ներդրել, որը իմ կյանքի մասնիկն է։ Իրար ֆայլեր նամակներ ենք ուղարկել, վստահել ենք։ Միգուցե որոշները այլ տեղում չեն պահպանվել, ու դրանք կարևոր էին ինձ համար։ Դու քո կողմից նամակների արխիվը հեռացրել ես՝ քո կամքն է։ Բայց իմը, իմ ներդրած ժամանակն ու ապրած պահերն ինչո՞ւ ես ջնջել։ Թեկուզ եթե ցանկանում էիր երկկողմանի հեռացնել, ապա կարող էիր ինձ տեղյակ պահել։
Հետո՞ ինչ, որ Տելեգրամը տեխնիկապես տալիս է նման հնարավորություն։ Նույն Տելեգրամն ու մյուս չաթերը տալիս են նաև այլ հնարավորություններ, որոնք կարող ենք օգտագործել երկկողմ, ու դա քեզ ընդհանրապես դուր չգա։ Ամեն տրված հնարավորություն չէ, որ կարող ենք օգտագործել՝ հաշվի չառնելով դիմացինի շահերը։ Միգուցե քո ձեռքին մկրատ լինի, ես էլ պարանով իջնում եմ․ տրված է հնարավորություն կտրելու իմ պարանը, պիտի օգտագործե՞ս։
Ցանկացած հնարավորություն, որը կիրառելիս կարող ենք վնասել, վիրավորել, տրտմեցնել որևէ մեկին, կարող է ունենալ հետևյալ 11 հավանական պատճառներից մեկը։
1. ՆԵՂՎԱԾ Է ՄՆԱՑԵԼ
Մեր վերջին խոսակցությունը, որքան էլ թվացել է բարեկամական ու ընկերական, միևնույն է, զրույցի ընթացքը կամ ավարտը նրան դուր չի եկել, որի արդյունքում նա բարկացել է ու երկկողմ ջնջել արխիվը։ Նա կարող էր ջնջել միակողմանի՝ միայն իր կողմից, բայց այդպիսով չէր կարող ցույց տալ իր վերաբերմունքը։ Իսկ երկկողմ ջնջելով՝ բացահայտ ցույց է տալիս իր բացասական տրամադրվածությունը կամ արհամարհանքը քո կամ զրույցի հանդեպ։
2. ՓՈՇՄԱՆԵԼ Է
Նամակներում կան զրույցներ կամ ֆայլեր՝ նկարներ, հոլովակներ, որոնք նա այլևս չի ցանկանում ունենալ ձեր զրույցների արխիվում, չնայած հոժարակամ է ուղարկել կամ գրել։ Հանկարծակի չցանկանալը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Պատճառ կարող էր լինել հենց վերջին զրույցը կամ, օրինակ, ձեր մասին հանկարծ մի բան է լսել, որը չէր ցանկանա ասել ձեզ, բայց դա նրան ստիպել է փոշմանել ու ջնջել ձեր երկուսի նամակները։
3. ԵՐՐՈՐԴ ՄԱՐԴՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Միգուցե ընտանիքի անդամներն են ստիպել հեռացնել նամակները, որոնք տեսել են։ Կամ գուցե ամուսնացել է, ընկեր կամ ընկերուհի ունի, և վերջինս արգելել է նրան շփվել այլոց հետ։ Նա էլ հասկացել է, որ պետք է կամուրջներն այրել ու ջնջել երկուսիդ նամակների արխիվը։
Նման դեպքում որոշները չեն ցանկանում ուղիղ ասել այդ մասին։ Մտածում են, որ ավելի հարմար է՝ միանգամից ջնջել երկկողմանի, իսկ հետո դուք կմտնեք, կտեսնեք, որ արխիվը չկա, չեք գրի սովորականի նման, այլ կհարցնեք, կպարզեք ու կիմանաք, թե ինչու չպետք է գրեք իրեն։
4. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ - ՀՈՒԶԱԿԱՆ ԼԱԲԻԼՈՒԹՅՈՒՆ
Հուզական իմպուլսիվություն․ գտնվում է ոչ հավասարակշռված վիճակում։ Այսօր մի բան է անում, վաղը՝ կտրուկ հրաժարվում։ Տրամադրության և վարքագծի կտրուկ փոփոխությունների խնդիր ունի։ Սա կարող է լինել խրոնիկ կամ ժամանակավոր։ Որոշումները կայացվում են տվյալ պահի հույզերի ազդեցության տակ։ Այսօր բարկացած է՝ ջնջում է, վաղը կարող է զղջալ իր արածի համար։ Նման դեպքերում գործողությունը հաճախ ավելի շատ տվյալ պահի հուզական վիճակի արդյունք է, քան մտածված որոշում։
5. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ
Մինչ այդ ձեզ հետ շփումը կամ գուցե վերջնական զրույցները փորձնական են եղել։ Նույն թեմաներն ու նման հարաբերություններ կարող է ունենալ ուրիշների հետ էլ, բայց չէր ցանկանա, որ դա բացահայտվի։ Երբեմն նույնիսկ copy-paste արված նամակներ են ուղարկում մի քանիսին, հետո ընտրում մեկին, իսկ մյուսների հետ նամակները ջնջում են, կապերն էլ թուլացնում կամ խզում։
6. ԱՆԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ
Սա կարող է լինել թե՛ ձեր անձի, թե՛ Ձեզ հետ շփման որևէ մակարդակի հանդեպ։ Մարդը կարող է լուրջ չվերաբերվել ու նույնիսկ չմտածել, որ իր գործողությունը կարող է վիրավորել։ Այդ դեպքում կարող է ծաղրել, թեթև նայել զրույցներին, ջնջելով՝ կատակել, սադրել կամ հեգնել՝ առանց մտահոգվելու, որ նման վերաբերմունքը կարող է վիրավորել ձեզ։
7. ԱՆԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԻՐ ԱՆՁԻ ՀԱՆԴԵՊ
Մարդը կարող է անլուրջ վերաբերվել ինքն իրեն, իր ժամանակին ու պատասխանատվությանը։ Սա ցինիզմի ձև է, երբ չի մտածում իր գործողությունների հետևանքների մասին։
8. ԱՆԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՎԻՐՏՈՒԱԼ ՇՓՄԱՆ ՀԱՆԴԵՊ
Մարդը կարող է իրական կյանքում լինել վստահելի, բայց համացանցային շփումը նրա համար կարող է լինել հեշտ ստեղծվող և հեշտ ջնջվող։ Այդ պատճառով չի զգում արխիվի արժեքը։ Այդ պատճառով էլ նա չի զգում, որ արխիվի ջնջմամբ վերացնում է նաև որոշակի պատմություն, հիշողություններ կամ փոխադարձ ներդրում դիմացինի համար էլ։
9. ԷՄՊԱՏԻԱՅԻ ՊԱԿԱՍ
Չի պատկերացնում, որ իր համար մի քանի կոճակ սեղմելը դիմացինի համար կարող է լինել հուզական կամ տեխնիկական կորուստ։ Նման մարդիկ հաճախ գնահատում են միայն իրենց հարմարավետությունը՝ չնկատելով, թե իրենց որոշումն ինչպես է ազդում ուրիշների վրա։
10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ
Չի ցանկանում հետագայում առերեսվել իր խոսքերին, խոստումներին կամ դիրքորոշումներին։ Արխիվը վերացնելով՝ նա կարծես վերացնում է նաև իր պատասխանատվության մի մասը։
11. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Որոշ մարդկանց համար կարևոր է, որ վերջնական որոշումը միշտ իրենց ձեռքում լինի։ Երկկողմանի ջնջումը երբեմն կարող է լինել իրավիճակի նկատմամբ վերահսկողություն պահպանելու փորձ։ Սա ևս խոսում է մարդու չկայացած, ներքին երերուն վիճակի մասին, քանզի մարդն այլ տարբերակ չունի իր խոսքն ու կարծիքը ազդեցիկ դարձնելու, այդ պատճառով որոշում է օգտագործել տեխնիկական հնարավորություններն առանց դիմացինին տեղյակ պահելու։
Անշուշտ պատճառները կարող են ավելին լինել, բայց վերը նշվածներն ամենահաճախ հանդիպողներն են։ Ամեն դեպքում, նման մարդկանց հետ շփվելիս արժե զգուշություն ցուցաբերել՝ հատկապես՝
• Ֆինանսական պայմանավորվածությունների դեպքում,
• Բիզնես որոշումների ժամանակ,
• Զգայուն տեղեկատվություն փոխանցելիս,
• Եվ երկարաժամկետ խոստումների պարագայում։