ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԲԱՐԿԱՑԱԾ ՄԱՐԴՈԻՆ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԲԱՐԿԱՑԱԾ ՄԱՐԴՈԻՆ
Նախ պետք է չեզոքացնել էմոցիան, տվյալ պահին ագրեսիան կամ բարկությունը, հետո խոսել

ՔԱՅԼ 1 - ԼՍԵԼ

1․ Լսել առանց ընդհատելու։
Ցանկացած տիպի ընդհատում, թեկուզ մեկ բառով՝ հանդիսանում է խոսողի բարկության վրա ևս մեկ ալիք, որը ավելի է գրգռում և վեճի երանգ տալիս։

2․ Եթե հնարավորություն կա՝ գրի առնել կամ փորձել հիշել միայն փաստերը, որպեսզի հետո այդ փաստերը ճշտելով հարցին լուծում տալ։
Օրինակ, «Դուք դաժանաբար վնասել եք իմ ապրանքը և ստել եք, որ երաշխիքներ կան» արտահայտության մեջ 2 փաստ կա․ մեկը, որ տեղափոխելիս վնասվել է ապրանքը, մյուսը, որ կասկածում է, որ երաշխիքը կաշխատի։ Ուստի պետք է ճշտել վնասի չափն ու գործի դնել երաշխիքը, ոչ թե հակադարձել «Դաժանաբար» կամ «Ստել եք» արտահայտություններին։

3․ Ընթացքում երբեք չկիրառել «Ես ձեզ հասկանում եմ, ես ձեզ լսեցի» և նման այլ բարկացնող արտահայտություններ։

ՔԱՅԼ 2 – ԽՈՍԵԼ

1․ Խոսեք երեխայի հետ։
Խոսել միտումնավոր ցածրաձայն ու հանգիստ, ճիշտ այնպես, ինչպես կխոսես հուզված ու լացող երեխայի հետ, նրան հանգստացնելու համար։

2․ Միշտ զրույցը պետք է սկսել եւ ավարտել դրական երանգով։
Զրույցի ամենասկզբում համաձայնվել որևէ բանի հետ։ Եթե կա խնդիր, որ իրականում կա նման բան, ապա զրույցը սկսել հենց այդ հատվածից։ Իսկ եթե ոչ մի ճիշտ բան չի ասել, ապա գոնե համաձայնվել, որ խնդիրը կա և ասել, որ երբեմն լինում են նման խնդիրներ։ Ինչ-որ կերպ պետք է զրույցը սկսել որևէ կերպ համաձայնվելով դիմացինի հետ։

3․ Ցույց տվեք, որ միտված եք իր խնդիրը լուծելու, ոչ թե վիճելու․
Ձեր կարծիքը շարունակեք որևէ արտահայտությամբ, որը նրան կհուշի, որ դուք ամենևին միտք չունեք վիճելու, արդարանալու, բղավելու, ապացուցելու։ Այլ միայն ուզում եք ԻՐ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ

Օրինակ․ «Որպեսզի այս խնդրին արագ լուծում տանք․․․», «Որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել․․․»

 4․ Մտածելու հնարավորություն տվեք
Տեղեկացրեք, որ ձեր կարծիքը ունենալու է մի քանի կետ․ օրինակ «Ես հիմա կասեմ 2 բան, որից հետո մենք կգանք ընդհանուր հայտարարի», կամ «Ես հիմա ձեզ 3 հարց կտամ, որին կխնդրեմ պատասխանել հստակ»։

5․ Հարցերը ևս սկսեք այնպիսի արտհայտությամբ, որոնց ենթատեքստում բացահայտ հնչեն հանդարտեցնող կոչեր, ինչպիսիք են «Քանի որ այս խնդիրը շատերի մոտ է առկա․․․», «Նման խնդիր ունեցել ենք գրեթե բոլոր ոլորտներում», «Քանի որ այս խնդրիը կապված է երկրում տիրող իրավիճակի կամ համընդհանուր կրիզիսի հետ․․․․»

ՔԱՅԼ 3 - ԳՈՐԾԵԼ

1․ Զրույցի ավարտին մղեք որևէ գործողության։ Կիրառեք արտահայտություններ, ինչպիսիք են «Եկեք այսպես անենք», «Առաջարկում եմ հետևյալ լուծումը», «Այս հարցի ամենահարմար լուծումը սա է», «Սովորաբար նման հարցերում վարվում են այսպես», «Այս հարցն ունի 3 ելք․․․»

2․ Վերջնական թուլացրեք դիմացինի լարվածությունը։ Սուրճ առաջարկել, եթե հեռախոսով եք խոսում, ապա հրավիրել սուրճի կամ ասել որևէ դրական խոսք, որը կապ ունի նման իրավիճակների հետ։

Օրինակ կարող եք հիշատակել նման իրավիճակների դրական արդյունքները, որպեսզի դիմացինը չմտածի․ սխալ է արել, խայտառակ եղա, նեղություն տվեցի։ Կարող եք ասել, որ նման միջադեպերի արդյունքում դուք լավ ընկերներ եք ձեռք բերել։ Նման խնդիրներն օգնում են միմյանց՝ էլ ավելի լավ ճանաչել։

3․ Կարող եք նվեր քարտ տալ, կամ ուղղակի որևէ նվեր։ Ցանկալի է, որ նվերը լինի իրեն պիտանի։ Սովորաբար դրանք այն նվերներն են, որոնք նա պատվիրել է փաթեթի մեջ։ Կարող եք ասել, որ իր պատվիրած փաթեթից այդ բանի համար չի վճարի կամ զեղչ եք անում։