ՖԵՅՔԸ ՎԻՐԱՎՈՐԱ՞ՆՔ Է

ՖԵՅՔԸ ՎԻՐԱՎՈՐԱ՞ՆՔ Է

Եթե ինձ գրել եք ֆեյք էջով, ապա իմ վերաբերմունքը լինելու է համապատասխան ձեր էջին։

ՁԵՐ ԷՋԻՆ, ոչ թե ՁԵԶ․ մի՛ շփոթեք սա։ Տարբերությունը քիչ անց կասեմ։

Ես կարող եմ արհամարհել ձեր էջից եկած նամակը, ոչ թե ձեզ։ Կարող եմ արգելափակել ձեր էջը, ոչ թե ձեզ։ Կարող եմ նաև պատասխանել այդ էջից եկած նամակներին, բայց՝ վերացական, առանց լուրջ վերաբերվելու՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր է ներկայացված՝ սկսած խորհուրդ հարցնելուց, մինչև հիվանդության համար գումար խնդրելը, ընտանիքի կարիքներ, սովածության խնդիր, հիվանդ երեխայի, զոհված զինվորի կամ հայրենիք կորցրածի մասին պատմություններ։ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ։ Ֆեյք էջի անունից եկած ցանկացած նամակի վերաբերվում եմ անլուրջ ու սկեպտիկորեն։

Կրկնում եմ՝ ոչ թե ձեր իրական խնդրին, այլ ֆեյք էջի անունից եկած նամակին։ Իսկ հիմա ասեմ՝ ինչու։

Որովհետև ձեզ չեմ ճանաչում։ Դուք համացանցում գրանցվել եք ուրիշի անվամբ, կամ թեկուզ ձեր անուն-ազգանունն է, բայց նույն անվամբ հազարավոր մարդիկ կարող են լինել։ Դա լուրջ չէ, եթե էջը զուրկ է անհրաժեշտ կոնտենտից. չկա գլխավոր նկար, տեղեկություններ ձեր մասին, մի քանի առօրյա լուսանկար և այլն։

21-րդ դարն է։ Մեր օրերում համացանցի հայտնի հարթակներում գրանցվում են բոլորը, որպեսզի ապահովեն իրենց կապը արտաքին աշխարհի հետ՝ Facebook, Instagram, TikTok, LinkedIn՝ նայած հետաքրքրությունների և ում ինչպես է հարմար։ 5-10 տարի առաջ սա գուցե այդքան արդիական չէր, բայց մեր օրերում համացանցում էջ ունենալը գրեթե պարտադիր է. անկախ տարիքից՝ բոլորն ունեն էջեր և իրար հետ կապ են հաստատում մեսենջերներով։

Եթե պարզապես գրանցվել եք ու ակտիվ չեք պահում ձեր էջը, դա ձեր իրավունքն է։ Ոչ ոք չի կարող պարտադրել, որ ամեն օր գրառումներ անեք։ Բայց եթե ուզում եք, որ ձեր էջին լուրջ վերաբերվեն, գոնե մինիմալ կանոնները պետք է պահել՝ իրական անուն-ազգանուն, իրական գլխավոր նկար, հակիրճ տեղեկություն ձեր մասին և էջում հրապարակված մի քանի լուսանկար։

Իսկ եթե դա էլ չեք արել, կամ արել եք ոչ հավաստի, եթե դրված են ֆեյք ու անորոշ նկարներ, անվան փոխարեն նշված է մի քանի հոգու անուն, կամ տարածել եք իրարամերժ թեմաներով գրառումներ, ապա էջին նայողը խճճվում է։ Նա չի հասկանում՝ ո՞վ է էջի տերը, ի՞նչ մասնագետ է, ի՞նչ հայացքների տեր է կամ ինչ տարիքի։ Զգացվում է միայն մեկ բան՝ դուք լուրջ չեք վերաբերվել ձեր էջին։ Դե, մի՛ զարմացեք, որ ձեր էջին էլ լուրջ չեն վերաբերվում։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու ենք անլուրջ վերաբերվում ձեր էջին, ոչ թե ձեզ. որովհետև ձեզ չենք ճանաչում, դուք ներկայանում եք ֆեյք էջով։

Իմիջիայլոց, «ֆեյք»-ը վիրավորական բառ չէ։ Երբ ասում ես՝ «ֆեյք էջով եք գրել», նեղանում են՝ ասելով. «Ես ֆեյք չեմ, սա իմ իրական էջն է»։ Իսկ դու ո՞վ ես. ես քեզ չեմ տեսնում, որ հասկանամ՝ իրական ես, թե անիրական։ Դա նույնն է, որ դիմակավորված մարդն ասի. «Իմ դեմքը չի երևում, բայց ես իրական եմ, սա իմ իրական դիմակն է, ինձ լուրջ վերաբերվեք»։ Ինչի՞ն լուրջ վերաբերվենք՝ նապաստակի կամ գայլի դիմակով մարդո՞ւն։

Ֆեյքը անդեմ էջն է։ Այն նշանակում է կեղծ, ոչ հավաստի՝ կախված իրավիճակից։ Օրինակ՝ ասում են ֆեյք նորություն, այսինքն՝ կեղծ նորություն։ Ֆեյք էջ, այսինքն՝ կեղծ հաշիվ, որը ստեղծվել է ոչ իրական օգտատիրոջ անվամբ ու տվյալներով։ Դուք վիրավորվում եք, որովհետև այս բառը կապում եք բացասական երևույթների հետ. օրինակ՝ թշնամիներն էլ են գրանցվում ֆեյք էջերով ու վնասում պետությանը։ Դրանից լսելով «ֆեյք էջ» արտահայտությունը՝ բառը միանգամից ասոցացնում եք դրա հետ։

Ո՛չ, դա վիրավորական բառ չէ, այլ պարզապես բնութագրում է գործողության կամ երևույթի կասկածելի կարգավիճակը։ Դուք էլ եք ներկայանում ոչ հավաստի էջով, մյուսն էլ։ Նա գրանցվել է մարդկանց մեջ վատ լուրեր տարածելու կամ վնասարարության համար, իսկ դուք՝ պարզապես նորություններին հետևելու։ Նպատակը կապ չունի. երկուսիդ էջն էլ, ըստ էության, ֆեյք է։

Հասկացա՞ր, հարգելի՛ Ֆեյք։