ԸՆԿԱԾԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԹԱՔՆՎԱԾ ԳՈՐԾԻՔԸ
Կյանքում շատերն են ընկնում, բայց ոչ բոլորն են տեսնում ոտքի կանգնելու ամենահզոր զենքը, որը սխալ օգտագործելիս ընկածին ավելի կգցի, ճիշտ օգտագործելիս՝ կբարձրացնի։
Իմ կյանքը սկզբից մինչ օրս ընկնելու ու բարձրանալու մասին է։ Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ումից ավելի շատ սխալներ արած լինեմ կյանքում։ Հաճախ եմ լսել․ «Վայ, բա որ իմացան ընկել ես, ամոթ է, խայտառակ կլինես։ Քեզ ոչ ոք չի հարգի»։
Գիտե՞ք որն է դրա պատասխանը. «Եթե ինձ պետք է հարգեն միայն նրա համար, որ ես չեմ ընկնում, ուրեմն, նախ, նման մոլորված մարդիկ ավելի լավ է չհարգեն էլ։ Որովհետև մենք բոլորս ենք ընկնում, այդ թվում նաև՝ այդ մարդիկ։ Պարզապես ոմանց ընկնելն իմանում ենք, ոմանցը՝ ոչ։ Ստացվում է, որ մարդիկ մեզ կարող է չհարգեն ոչ թե այն պատճառով, որ մենք էլ ենք ընկնում, այլ այն պատճառով, որ մեր ընկնելու մասին իրենք իմացա՛ն»։
Կարծում եք՝ եթե չիմանային, մտածելու էին՝ մենք երբեք չե՞նք ընկնում։ Իհարկե ոչ։ Իրենք էլ գիտեն, որ ընկնում են բոլորը։ Պարզապես, քանի դեռ չեն լսել մեր ընկնելու մասին, իրենց մտքում մեզ պատկերել են ոչ որպես ընկնող, ընկճվող կամ սխալական, այլ «մեզ աստվածացրել են» ու դարձրել իդեալական ու անկոտրում կերպար։ Ստացվում է, որ մարդը, ով իր մտքում մեզ «աստվածացրել է», կարող է հիասթափվել՝ իմանալով, որ մենք իր նման մարդ ենք ու չենք համապատասխանում իր մտքում մեր մասին ստեղծած առասպելական կերպարին։ Հիասթափվել է մեզանից, որովհետև չենք համապատասխանել իր հորինած կերպարին։
Դա հիմնականում հնչում է այսպես․ «Իսկ ես միշտ կարծել եմ, թե դուք երբեք չեք ընկնում», «Ես քեզանից չէի սպասի, որ նման բան կանես», «Դու ինձ մոտ այլ տպավորություն էիր թողել, դա մի տեսակ քեզանից չէր»։
Զգո՞ւմ եք՝ «ԵՍ կարծել եմ», «ԵՍ քեզանից չէի սպասում», «Ի՛ՆՁ մոտ էիր այլ տպավորություն թողել»։ Ոչ թե դու էիր խոստացել, այլ տպավորություն էիր թողել։ Քեզ տեսել է, օրինակ, զգաստ քայլելիս ու ժպտալիս, կարծել է, որ դու երբեք չես սխալվում, ու հիմա ակնարկում է, որ մենք հիասթափեցրեցինք իրեն։
Իսկ եթե պատկերացներ, որ մենք թռչել գիտենք, հետո իմանար, որ թռչելու ունակ չենք, պիտի հիասթափվեր ու չհարգե՞ր մեզ։ Նման մարդիկ ձեզ պե՞տք են... Ես հասկացել եմ, որ ինձ՝ ոչ։
Ասեմ ավելին. նման մարդիկ ապահովում են կեղծ ծափահարություններ, համացանցում՝ կեղծ հավանումներ ու դիտումներ, որոնց վրա հենվում ես, իսկ հետո նույն մարդիկ, չգիտես ինչից հիասթափված, քեզ հարվածում են թիկունքից։
Ձեզ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵ՞ՏՔ ԵՆ։ ԻՆՁ՝ ՈՉ։
Ուրեմն մենք ամաչում ենք, որ մարդիկ չիմանան, որ սխալվել ենք։ Ու այնքան ենք տարվում մեր սխալները թաքցնելով, որ չենք հասցնում մտածել՝ այդ ո՞վ է մեզ երեսով տալու, որ սխալական ենք։ Այդ ո՞ր անսխալ մարդն է, որ զարմանում է, որ ես կարող եմ քայլելիս ընկնել, կարող եմ ծարավել, կարող եմ հաղթել, պարտվել, օգնել ու օգնություն խնդրել։ Երբեմն այնքան ենք ջանքեր անում մեր ընկած վիճակը արհեստական ժպիտի տակ թաքցնելու համար, ներսում կուլ տալիս մեր արցունքները, որ չենք էլ մտածում՝ դիմացինը 10 րոպե առաջ ավելի վատ սխալ է գործել ու հիմա խորտակված վիճակում է։
ԳԱՂՏՆԻՔՆ ԱՄԱՉԵԼՈՒ ՄԵՋ Է
Պարզապես դու ամաչում ես, ինքը՝ ոչ։
Խելացի ու խորը քննող մարդիկ հիմնականում լինում են բարդույթավորված։ Խելացիներն են երկար մտածում ու, ամաչելով ծածկելով իրենց խնդիրները, ճանկռելով փորձում են միայնակ հաղթահարել դրանք։ Իսկ հիմար մարդը չի ամաչում համացանցում իրեն խայտառակելուց։ Նա չի մտահոգվում, որ դու կարող ես չհարգել իրեն, երբ տեսնես, թե ինչեր է անում տեսախցիկի առջև գումար աշխատելու համար։ Ինքը չի ամաչում քեզանից։
Ընկածին բարձրացնող կամ ավելի խորտակող գործիքը ԱՄՈԹԻ ԶԳԱՑՈՒՄՆ Է։
Ամոթի զգացումը վատ բան չէ։ Ոչ ոք չի ասում՝ եկեք ապրենք անամոթաբար։ Խնդիրն այդ զգացումը տեղին օգտագործելու մեջ է։
5 ՔԱՅԼ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ
1. Մի՛ ամաչեք հնարավորություն տալ մարդկանց՝ օգտակար լինելու ձեզ։
2. Մի՛ ամաչեք սեփական խնդրով կիսվելուց ու տկար լինելուց։
3. Տվե՛ք առանց սպասումի։
4. Ձեր աշխատանքի դիմաց վճարի մասին խոսե՛ք առանց ամաչելու։
5. Տարբերե՛ք գործը ընկերությունից։
ԵՍ ՉԵՄ ԱՄԱՉՈՒՄ ընկնելուց, որովհետև բարձրանալ գիտեմ։ Տեղում դոփելիս երբեք չես ընկնի. ոչինչ չանողը երբեք չի սխալվի։ Առաջ շարժվողն է ընկնում, ինչ-որ բան անողն է սխալվում։
ՉԵՄ ԱՄԱՉՈՒՄ ներողություն խնդրելուց սխալիս համար, որովհետև քննել գիտեմ՝ որտեղ եմ սխալ ու ինչի՞ համար պետք է ներողություն խնդրել։ Որտեղ սխալ եմ, այնտեղ շտկելու բան ունեմ։ Իսկ եթե չես հասկանում՝ ինչը պիտի շտկել, ուրեմն ներողություն խնդրելն իմաստ չունի, որովհետև, ամենայն հավանականությամբ, այդ սխալը քոնը չէ. դա քո պարանոցին փաթաթել են։
ՉԵՄ ԱՄԱՉՈՒՄ սխալվելուց, որովհետև մարդ եմ։ Ընդամենը մարդ, ով չի առիթավորվում դրանից ու մտածում. «Դե, որ մարդ եմ, կարող եմ բազում հիմարություններ անել»։ Ո՛չ։ Ինքդ քեզ մարդ ընդունելը հիմարության արդարացում չէ, այլ՝ արժանապատվության բալանս։ Դա այն է, երբ քեզ ոչ ոքից բարձր չես դասում, ցածր էլ չես դասում։ Ինչպես քեզ ես տեսնում սխալական, այնպես էլ՝ դիմացինին։ Ու ստացվում է, որ ինքդ քեզ բալանսով գնահատելը օգնում է չդատել դիմացինին իր սխալների համար, որովհետև ինքդ քեզ ճիշտ ես գնահատում․ դու էլ ես սխալական։ Իսկ երբ քեզ կատարյալ ես կարծում, դիմացինի սխալներն իմանալուց հետո սկսում ես դատել նրան, ոչ թե իր սխալները։
Ճիշտ գնահատենք մեզ ու մյուսներին։ Դուք ձեզ ոչ ոքից բարձր մի՛ դասեք, բայց ոչ ոքից ցածր էլ մի՛ դասեք, ու ամենակարևորը․
Մի՛ ամաչեք, որ սխալվել եք։ Ոչ ոք չի ասում՝ պատեհ-անպատեհ ելեք պատմեք մարդկանց։ Կարևորը ՉԱՄԱՉԵԼՆ է ՍԽԱԼՎԵԼՈՒՑ։ Փոխարենն ընդունեք ձեր գործած սխալը, որպեսզի շտկելն ու չկրկնելը հեշտ լինի։ Երբ չեք ընդունում, որ սխալվել եք, այդ դեպքում ի՞նչը շտկեք։ Դրա համար էլ նույն սխալը կրկնում ենք ու ընկնում նույն խնդիրների մեջ։ Իսկ երբ չենք ամաչում ընդունել մեր սխալը, ժամանակի ընթացքում այն օտարում ենք մեզանից ու սկսում զզվել դրանից։
Մի՛ ամաչեք, որ թերություններ ունեք։ Ընդամենը գիտակցեք, որ ամեն բան հարաբերական է։ Դեռ հարց է՝ ինչն է թերություն, ինչը՝ առավելություն։ Ու քննեք՝ ինչ նկատի ունեն, ինչո՞ւ է այն թերություն, ու՞մ համար։
Մի՛ ամաչեք, որ թուլացել եք ու ընկճվել։ Փոխարենն ընդունեք, որ դուք ռոբոտներ չեք։ Ամենահզորներն էլ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ թուլացել են, դարձել՝ խոցելի։
Մի՛ ամաչեք, որ մարդ եք, ոչ թե Աստված։ Մի՛ ամաչեք, որ ամենագետ չեք։ Երբ մի բան չգիտեք, մի՛ ամաչեք ասել, որ չգիտեք։ Մի՛ ամաչեք, որ ամենակարող չեք, ամենազորեղ էլ չեք։ Եթե բեռը ծանր է, մի՛ ամաչեք ասել, որ դա չեք կարող վերցնել։
Ու մի՛ կարծեք, թե ձեր սխալներով են ճանաչելու ձեզ։
Նախ, մեզ մեր սխալներով ճանաչողները միշտ էլ կգտնեն սխալներ, որոնցով կշարունակեն ճանաչել մեզ ու մեր մասին խոսել ամեն տեսակ հիմարություններ, որոնք կգան իրենց մտքում։ Խելացի մարդիկ չեն շտապում հիմարություններ խոսել այլոց մասին։ Հիմարություններ խոսելը հիմարների մանդատն է։ Բացի այդ էլ՝ մեզ մեր սխալներով ու թուլություններով չեն ճանաչում, այլ դրանք ընդունելու և ոտքի կանգնելու կարողությամբ։ Իսկ ընկած մնացողներին ոչ ոք ոչ հիշում է, ոչ էլ ցանկանում է ճանաչել։
Ամաչե՛ք դիմացինին խաբելուց, միմյանց բամբասելուց, գցելուց ու վատաբանելուց։ Բայց անկատար մարդ լինելուց երբեք մի՛ ամաչեք։ Մարդ լինելը պատիվ է ու մեծ պաշտոն, որում ոչ բոլորն են կարողանում երկար պաշտոնավարել։
Սխալվելն ու ընկնելը, ներողություն խնդրելն ու բարձրանալը մարդու համար են՝ ինչպես հաց ուտելն ու շնչելը։ Ուստի մի՛ ամաչեք, որ ՄԱՐԴ ԵՔ։
Մարդ լինելն ամոթ չէ։ Ամաչե՛ք մարդ չլինելուց։