2 կետ, որը կօգնի ճիշտ ընտրություն կատարել
Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել 2 քայլով
Մեր կյանքն ուղղակի բաղկացած է ընտրությունից։ Մեր ուղեղն ընտրություն է կատարում ամեն վայրկյան։ Սկսած համակարգչին սեղմվող ստեղներից, երբ ուղեղն ընտրում է, թե տվյալ միտքն արտահայտելու համար ո՞ր բառը գրել, այդ բառը գրելու համար ո՞ր տառը սեղմել, որը ուղղագրական սխալ չի լինի, մկնիկը ա՞ջ, թե ձախ տանել, ո՞ր կոճակը սեղմել։ Ո՞ւր գնալ, ի՞նչ պատվիրել, ի՞նչ հագնվել, որքան աղ լցնել կերակուրի վրա ու երբ դադարեցնել և այլն։
Այո, սա բարդ աշխատանք է, որը ամեն վայրկյան կատարում է մեր ենթագիտակցությունը, բայց ենթագիտակցությանը հանգիստ թողնենք։ Նա իր գործը լավ գիտի։ Եկեք հասկանանք, թե ինչպես ընտրություն կատարել գիտակցաբար, որտեղ հաճախ ենք սխալվում։
Նկարում տեսնում ենք սխալ ընտրության վառ օրինակ, ինչը հեռու չէ մեզանից։ Յուրաքանչյուրս կհիշենք մեր կյանքում ցավալի միջադեպերի մի շարք, որում սխալ որոշում և ընտրություն ենք կատարել ու դրա պատճառով ավելի ենք բարդացրել իրավիճակը։ Իսկ այսօր ունենք այն, ինչն ընտրել ենք երեկ։
Մեր խորհրդատվություններին գրանցվողներն էլ հաճախ կանգնած են լինում բարդ ընտրության առջև, բայց ապշում են, երբ իմանում են ճիշտ ընտրության 2 կարևորագույն հիմքերի մասին։ Հաշվի առնելով այս կետերը դուք կկարողանաք հնարավորինս ճիշտ և շահավետ, արդյունավետ ընտրություն կատարել եղած տարբերակներից։
Նախքան որևէ ընտրություն կատարելը տուր քեզ այս 2 հարցերից յուրաքանչյուրը․
1․ ԳԼՈԲԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ
Ի՞նչ ՀԻՄՆԱԿԱՆ արդյունք ես ակնկալում։ Կարողացիր տեսնել ընդհանուր պատկերը, որովհետև ցանկացած նպատակին շարժվելու համար կարող են լինել տարբեր ճանապարհներ, բայց հիմնական կետը մեկն է։ Օրինակ տնից դուրս ես եկել, կարող ես գնալ տարբեր ճանապարհներով, բայց պետք է հստակեցնես, թե կոնկրետ ո՞ւր ես ուզում գնալ, ո՞ր կետին ես ցանկանում հասնել։ Այսինքն A կետից դուրս գալով պետք է հստակեցնել քո B կետը։ Առանց B կետը հստակեցնելու չի կարելի ճամփա դուրս գալ։
2․ ԼՈԿԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք ես սպասում ՀԻՄԱ։ Այսինքն B կետին հասնելու տարբեր ճանապարհներից ընտրում ես որևէ մեկը, բայց ինչպե՞ս ես հասկանալու՝ որն է դրանցից ամենահարմարը։ Ինչի՞ց ես ուզում խուսափել, ի՞նչ խնդրի չէիր ցանկանա հանդիպել տվյալ տարբերակն ընտրելիս։ Բարձրաձայնիր թեկուզ մի փոքր լսելի ձայնով․ «Ուզում եմ գնալ B կետ և ունեմ 2 կամ 3 տարբերակ։ Ես ընտրում եմ 2-րդը, որովհետև այդ ճանապարհն ավելի հարմար է անել այսինչը, խուսափել այնինչից»։
Օրինակներով քննենք գլոբալ և լոկալ մոտեցումները։
ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԿ
ԳԼՈԲԱԼ - Հստակեցնում եմ իմ B կետը «Ես Գյումրիից գնալու եմ Երևան»
ԼՈԿԱԼ - Հստակեցնում եմ ճանապարհները «Գնալ Վանաձորի ճանապարհով, թե՞ Մարալիկի»։ Ինձ պետք է մտնել նաև Ապարան, դրա համար ես պետք է գնամ Վանաձորի ճանապարհով, քանզի դա տանում է Ապարան։ Իսկ եթե ինձ պետք է հասնել Երևան, առանց այլ քաղաքներ մտնելու, ապա պետք է գնալ Գյումրի - Թալին – Աշտարակ ճանապարհով։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱԿ
ԳԼՈԲԱԼ – Հստակեցնում եմ իմ B կետը․ «Ես ուզում եմ տնօրենիս բացատրել, որ իմ աշխատավարձը այլևս չպետք է ուշանա, որովհետև ես խնդիրներ եմ ունենում»
ԼՈԿԱԼ – Հստակեցնում եմ իմ ճանապարհները։
Կարող եմ ասել սպառնալիքի տարբերակով․ «Եթե աշխատավարձս մեկ էլ ուշացնեք, ես դուրս կգամ աշխատանքից»,
Կարող եմ ասել խնդրանքով․ «Շնորհակալ կլինեմ, եթե աշխատավարձս էլ չուշացնեք, շատ եմ խնդրում»,
Եւ սթափ բանակցելու արդյունքում «Ինչպե՞ս կարող եմ հստակեցնել իմ աշխատավարձի տրամադրման վերջնաժամկետը և ի՞նչ կարող ենք պայմանավորվել, եթե այն ուշանա»։
Տարբերակներից պետք է ընտրել այն, որը հնարավորինս անվտանգ ու անվնաս կավարտի զրույցն ու կհասնենք մեր հիմնական արդյունքին։ Իսկ եթե չենք քննում այս ամենն ու տրվում ենք էմոցիային, կարող ենք անզգուշորեն մտնել տնօրենի սենյակ ու բարկանալ, բղավել, թե բա «Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ աշխատավարձս ուշացնում ես», ու արդյունքում մեր աշխատավարձը կտա շատ արագ ու կհեռացնի մեզ աշխատանքից։ Մի՞թե մեր ԳԼՈԲԱԼ նպատակը դա էր։ Մի՞թե դրան էինք ուզում հասնել։ Իհարկե ոչ։