ՃԱՆԱՉԻ՛Ր ԲԱՄԲԱՍՈՂԻՆ

Միայն խոզն է լափում, առանց մտածելու, թե ինչ ճանապարհ է անցել իր կերակուրը։

ՃԱՆԱՉԻ՛Ր ԲԱՄԲԱՍՈՂԻՆ
Միայն խոզն է լափում, առանց մտածելու, թե ինչ ճանապարհ է անցել իր կերակուրը

Ասում է․ «Բաժանված կին ա, չի էլ ամաչում, հլը նայի՝ ոնց ա քսվել ու պարում, սթորիներ անում»։

«Մորքուր» ջան, նախ՝ «Բաժանված» չէ, այլ՝ «Ամուսնալուծված»։ Երբ քիթդ դուրս հանես ուրիշի անկողնուց, կհասկանաս, որ այդ դո՛ւ ես բաժանված քո բանականությունից ու սեփական կյանքից։

Երկրորդը՝ ինչի՞ց ես ենթադրել, որ ամուսնալուծված կինը սգավոր է։ Դու իր կյանքն ապրե՞լ ես, գիտե՞ս՝ ինչու է ամուսնալուծվել, տեղյա՞կ ես իր խնդիրներից, ինչերի միջով է անցել, թե՞ քեզ թվում է՝ թագուհու կյանք էր վարում, բայց չգիտես ինչու մի օր որոշեց ամուսնալուծվել, որ քեզ նման պարապի կեղտոտ բերանին էլ թեմա դառնար, հա՞։

Ի տարբերություն քեզ՝ շատ կանայք ինքնասիրություն ունեն։ Ու հաստատ ինչ-որ բանից դրդված է որոշել՝ ոտքի կանգնել, գնահատել իրեն, ապրել ի՛ր համար (որոշները նաև՝ իրենց երեխաների՛ համար) ու ստեղծել ի՛ր կյանքը, որպեսզի տարիներ հետո քեզ նման ստիպված չլինի ապրել ուրիշի կյանքով։

Միգուցե իսկական սուգն իր ամուսնու հետ ապրելն էր, որին ընտրելն իր մեծագույն սխալն է եղել։ Ի՞նչ անենք, ո՞վ սխալներ չի գործում։ Միգուցե ստիպված է եղել անցնել բազում զրկանքների միջով, դիմանալ տարբեր բռնությունների, ընդ որում՝ ոչ միայն ամուսնու, այլ նաև իրենից ոչ պակաս տարօրինակ ու «վիկինգ» գերդաստանի կողմից։ Իսկ հիմա կարողացել է ընդունել ու շտկել իր սխալը, ոչ թե շարունակել ապրել տրորված կյանքով։

Թե՞ բամբասելիս մարդկանց կյանքը քեզ չի հետաքրքրում։ Քո գործը միայն ուրիշի վերջնական որոշումը դատելն է ու ուղեղիդ հիվանդագին քաղցը սպառելը՝ խոզի նման, որ լափելիս չի հետաքրքրվում, թե ինչ կեղտոտ ճանապարհ է անցել իր դիմացի կերակուրը։ Ինքը միայն լափում ու սպառում է այն, ինչը տեսնում է այդ պահին։

Այո՛, շատ ամուսնալուծված կանայք գեղեցիկ սթորիներ են անում, պարում են, երգում են ու շատ ճիշտ են անում, որովհետև վերջապես վայելում են իրենց սեփական կյանքը՝ ի տարբերություն իրենց բամբասողների։

Հ Ի Շ Ե՛ Ք․
1․ Բամբասում են ԱՅՆ ԹԵՄԱՆ, ինչն իրենց ծանոթ է, հոգուն հարազատ ու ցավոտ։
2․ Բամբասում են ՆՐԱՆ, ում արածն ամեն օր միայն երազում են անել։
3․ Բամբասում են ՆՐԱՆՔ, ովքեր ոչ միայն չունեն այն, ինչը բամբասում են, այլև հույս էլ չունեն, որ երբևէ համարձակություն կունենան ունենալու։

Ի դեպ, վերը նշված «Մորքուր»-ը վերաբերում էր նաև արական սեռի ներկայացուցիչներին։ Բամբասանքը սեռ չի ճանաչում։ Ու համաձայն եմ՝ խոզի հետ համեմատականն էլ մի փոքր կոպիտ ստացվեց։
Բայց կարծում եմ՝ խոզերն ինձ կներեն։