ԱՅՍՊԵՍ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

ԱՅՍՊԵՍ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Այս մասին գիտեն նրանք, ովքեր ծառայել են բանակում կամ էլ ֆիլմերում տեսած կլինեք, երբ զորամասից ինչ-որ բան է կորում, վնասվում, կամ տարածքում աղբ են նկատում, ապա մեղավորին գտնելու ամենատարածված մեթոդը՝ «Մեկը բոլորի համար, բոլորը մեկի» կանոնի ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆ Է։ Բացատրեմ։

Բոլորը գիտեն, որ այդ ասացվածքը միաբանորեն իրար օգնելու մասին է։ Իսկ չարաշահումը տեղի է ունենում հետևյալ կերպ։

Քանի որ նման խնդիրները լուծելու համար սովորաբար չկա մշակված համակարգ, անհրաժեշտ տեխնիկա, օրինակ՝ տեսախցիկներ, որը հնարավորություն կտար արագ գտնել մեղավորին։ Դրան գումարած՝ հրամանատարը ալարում է գոնե տրամաբանորեն գտնել մեղավորին (օրինակ՝ հաշվի առնել դեպքի մոտավոր ժամը, վայրը և այդ օրվա պատասխանատուին, հարցնել, ճշտել)։ Այս ամենի փոխարեն որոշում է խնդիրը լուծել այլ ճանապարհով։ Շարք կանգնած զինվորներին ասում է. «Թող մի քայլ առաջ գա նա, ով կատարել է արարքը»։ Տեսնելով, որ ոչ ոք դուրս չի գալիս, ասում է. «Ուրեմն մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» ու պատժում է ԲՈԼՈՐԻՆ։

Այսինքն՝ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ մասին ասացվածքը մանիպուլյատիվ կերպով օգտագործվում է որպես ՊԱՏԻԺՆ արդարացնելու միջոց։ Վազեցնում է, բարդ առաջադրանքներ է տալիս, միայն թե բոլորը տանջվեն, ուժասպառ լինեն, հոգնեն մեկի պատճառով։

ԱՅՍ ԱՐԱՐՔՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԻԲՐ ԼՈՒԾՈՒՄ Է 3 ԽՆԴԻՐ

1․ Նախ՝ ինքնախաբեությամբ հանգստացնում է իր խիղճը, իբր ամեն բան արեց խնդրի լուծման համար։ Գիշերն էլ գլուխը հանգիստ կդնի բարձին, որովհետև իր արարքն արդարացի է եղել՝ հետևելով «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կանոնին։ Չէ՞ որ դա արդարացի սկզբունք է, և ընդունված՝ բոլորի կողմից։

2․ Իբր մյուսներին էլ դաս կլինի, որպեսզի նույն սխալը չկրկնեն։ Իսկ իրականության մեջ սա չի գործում։ Մեկի պատճառով բոլորին պատժելու մեթոդը երբեք բոլորին չի կրթել, ու սա ունի իր հոգեբանական բացատրությունը։ Գողը կշարունակի գողանալ, խորամանկը՝ խորամանկել, կոտրել, վնասել, որովհետև դաստիարակել են ոչ թե իրեն, այլև բոլորին։ Թեկուզ և ինքն էլ բոլորի հետ միասին տանջվել է, բայց այդպես նա կշարունակի ընդունված լինել բոլորի մոտ, բոլորի նման։ Այսպիսով ընդհանուրի հետ տանջվելը դաժան չէ։ Դաժան է՝ զատվել ու մերժվել ընդհանուրի կողմից, դրա համար էլ նա շարքից դուրս չի գալիս, որպեսզի իրեն չբացահայտեն։ Այսինքն՝ այս սպասելիքը ևս ինքնախաբեություն է։

3․ Միակ ճշմարտությունը թաքնված է հենց այս կետում, որը հրամանատարը լավ գիտի, բայց այդ թեմայով խոսելը ձեռնտու չէ։

Իսկ մենք այդ մասին կխոսենք հենց հիմա։

Իրականում ոչինչ ավելի չի բարկացնում զինվորին, քան իրեն հավասար մեկ այլ զինվորը, ում պատճառով ինքը պատիժ է կրել։ Նախ՝ հետո նրանք ջանասիրաբար փնտրելու են այդ զինվորին իրենց մեթոդներով, ու հրամանատարը սա քաջ գիտակցում է (երբեմն հրամանատարն ինքն է օգնում ու սատարում մյուս զինվորներին անելու դա)։

Եթե զինվորները փնտրում ու գտնում են իրենց մեջ իրական մեղավորին, ապա պատժում են՝ ինչպես խելքները փչի՝ կախված նրանից, թե պատժողներից ով ինչ դաժան ֆիլմ է տեսել վրեժի մասին ու որքանով է հակված այդ մեթոդները կիրառել թույլերի վրա։ Եթե իրական մեղավորին չեն գտնում, ապա հաճախ չիմացաբար մեղքը կոտրում են ինչ-որ մեկի վրա՝ որպես քավության նոխազ։ Օրինակ՝ կարող են մեղքը բարդել նրա վրա, ով վախից կարկամում է ու երդվում, որ նա չի արել։ Նրա անինքնավստահությունն ընդունվում է որպես հուզմունք, որն ունենում են իրական մեղավորները մեղքը բացահայտվելու պահին։ Բայց կարող են երկուսն էլ սխալվել՝ թե՛ հուզվողը, թե՛ նրան սխալմամբ մեղավոր ճանաչողները։ Չէ՞ որ պատժվողն էլ, պատժողներն էլ պրոֆեսիոնալ հետախույզներ չեն, այլ 18-20 տարեկան, անփորձ ու էմոցիոնալ տղաներ։ Հենց դա է պատճառը, որ երբեմն իրական մեղավորի փոխարեն զինվորները պատժում են սխալ մարդու, բայց ոչ թե դիտմամբ, այլ չիմացաբար։

Ու անկախ նրանից, թե ինչպես են պատժում մեղավորին, միևնույնն է, իրենք էլ իրենց հերթին են արդարացնում իրենց արարքը «սրա նմաններին հասնում է» արտահայտությամբ (այսինքն՝ շարունակում են սխալն ինքնաարդարացնելու շղթան, որը նախկինում կիրառվել էր իրենց վրա հրամանատարի կողմից)։

Դրանից հետո պատիժը չի ավարտվում։ Այդ զինվորին պիտակավորում են որպես «поставщик»՝ ռուսերեն «Ты нас ПОДСТАВИЛ» արտահայտության հիմքով, կամ ավելի վատ պիտակներով են կոչում նրան ու օտարում են իրենց շարքերից։ Կարճ ասած՝ անում ամեն բան, որ 2 տարին «թթվի» այդ զինվորի վրա։ Նա ամեն առավոտ արթնանում է այն գիտակցումով, որ ցանկացած զինվոր «իրավունք ունի» իր հետ վարվել, ինչպես վայել է այն պիտակին, որով կոչում են իրեն։ Հոգեբանական ամենածանր վիճակում 2 տարի շարունակ նա տանում է բոլորի հեգնանքներն ու ծաղրանքները։ Ու սա էլ դեռ ամենը չէ։ Հաջորդ ամիսներին եկող բոլոր նորակոչիկներին ևս տեղեկացնում են, որ այդ զինվորի հետ պետք է վարվել այնպես, ինչպես բոլորն են վարվում, այլապես նրան հարգողին չեն հարգի բոլորը։

Եվ այս ամենը միայն մեկ պատճառով, որ հրամանատարը ալարեց գտնել մեղավորին ու հայրավարի խոսել, բացատրել։ Թեկուզ և պատժել, բայց ծածուկում, որպեսզի իր պատիժը դրական կերպով շտկեր զինվորին, ոչ թե խայտառակեր վերջինիս բոլորի առաջ։

Այսպիսով՝ մեկի պատճառով բոլորին պատժելն աղետալի հետևանքներ է ունենում բոլորի կյանքում՝ թե՛ պատժվող զինվորի, թե՛ պատժողների, որոնք սովորում են իրագործել իրենց անմարդկային ցանկություններն ու կայանալ ընկածի վրա։

ՄԵԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԲՈԼՈՐԻՆ ՊԱՏԺԵԼԸ ԾՆՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ բռնությունն ու ցանկացած սխալն արդարացնելու համար ամենատարածված մանիպուլյացիան՝ արարքը կապելն է մեծամասնության կողմից ընդունված որևէ խոսքի կամ երևույթի հետ։

Նույն մանիպուլյացիան է.

«Քանի որ անօրեններին գտնելու համակարգ չկա, կամ չեն աշխատում, չեն կարող հանցագործներին գտնել, ուստի եկեք պատժենք բոլորին։ Մի քանիսի կոռուպցիան գտնելու համար ստիպենք, որ ԲՈԼՈՐԸ հայտարարագրեն իրենց անձնական գումարները, հեռախոսային խարդախներին գտնելու փոխարեն՝ պատժենք ԲՈԼՈՐԻՆ, վերահսկենք բոլորի հեռախոսներն ու անձնական տարածքը»։

Ես չգիտեմ այն որքանով է արդարացված, բայց մի բան փաստ է․

Իրականում բոլորին պատժելը երբեք դաս չի եղել իրական մեղավորների համար։ Անկարգությունն անողն էլի՛ արել է, գողություն անողն էլի գողացել է ու վնասել մյուսներին։ Սխալի համար պետք է պատժել սխալն անողին, ոչ թե բոլորին։ Հաճախ բոլորին պատժելիս իրական մեղավորն իրեն դեռ մի բան էլ նշանակալի ու վեհ է զգում, որ իր արարքն այդքան մեծ արձագանք ունեցավ։ Շարունակում է նույնն անել, այս անգամ ավելի հմտորեն ու սրտի թրթիռով սպասել, թե ինչպես են պատժվելու բոլորը իր պատճառով, քանզի նա իրեն զգում է մարդկանց վրա ազդեցություն ունեցող, պատմության ընթացք փոխող անհատ, ոչ թե մեղավոր։ Չէ՞ որ նա բոլորից ավելի խորամանկ է ու մինչ այս կարողացել է անել այն, ինչը չեն կարողացել բացահայտել, ստիպված պատժել են բոլորին։