12 ՊԱՏԱՍԽԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՁԵԶ ԱՐԺԵԶՐԿՈՂԻՆ

12 ՊԱՏԱՍԽԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՁԵԶ ԱՐԺԵԶՐԿՈՂԻՆ

«Սկեսուրս հրապարակային նվաստացնում է ինձ, բոլորի մոտ փնովում է իմ պատրաստածն ու ասում, որ ես լավ մայր չեմ»։

Մեր խորհրդատվությունների գրանցվողներից շատերն են այս մասին պատմել, ու ամենավատն իրենց արձագանքն է․ «Դե, սկզբում լացում էի, հետո սովորեցի հանդուրժել՝ մտածելով, որ մի օր կգնահատեն ինձ»։

3 ԱՄԵՆԱՍԽԱԼ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆՎԱՍՏԱՑՄԱՆԸ՝

• Լացել
• Վիճել
• Համբերել

Ավելի լավ պատկերացնելու համար եկեք իրար մոտ գրենք դիմացինի արարքն ու մեր արձագանքը, որպեսզի առավել պարզ հասկանանք՝ սա նորմա՞լ է․

Քեզ արժեզրկում են՝
ԽՈՍՔՈՎ
Դու արձագանքում ես՝
ԼՌՈՒԹՅԱՄԲ

Քեզ նվաստացնում են՝
ԲՈԼՈՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Դու արձագանքում ես՝
ԹԱՔՈՒՆ

Նույնն է, որ քեզ վրա զենքով եկող թշնամու դեմ մարտնչես պարսատիկով։ Նորմալ արդյունք կտա՞։ Ո՛չ, սիրելիներս։ Խոսքին լռությամբ պատասխանելը ևս բանակցային մեթոդներից է, սակայն՝ այլ իրավիճակներում։ Իսկ այս դեպքում լռությունը թույլ է տալիս, որ «նստեն ձեր գլխին»։

ՀԱՐԿ Է՝ ԽՈՍԵԼ, ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆԵՆ՝

Ձեզ մակարդակը,
Իրենց մակարդակը,
Ներկաների արձագանքը։

Անցնենք գործի։
Եթե Ձեզ արժեզրկում են երրորդ մարդու կամ մի քանիսի ներկայությամբ՝ ցանկացած կերպով, ապա տվեք արժեզրկողին հետևյալ հարցերից մեկը՝ Ձեր ընտրությամբ․

  1. Դու միտումնավո՞ր ես մարդկանց մոտ դա ասում, թե՞ չնկատեցիր, որ կարող եմ վիրավորվել դրանից։
  2. Մեզ դուր չեկածը բոլորի մոտ բարձրաձայն ասելը քեզ իրո՞ք հաճելի է։ Եթե այո, սիրով պատրաստ եմ ես էլ քեզ «հաճույք» պատճառել բոլորի ներկայությամբ։
  3. Դու քո դուր չեկածն ասացիր բոլորի ներկայությամբ, ու դա էլ ինձ դուր չեկավ։ Բայց ես սովոր չեմ բոլորի ներկայությամբ խոսել ինձ դուր չեկած թեմաներից։ Չգիտեմ՝ ներկաների համար որքանով էր քո ասածը հաճելի, դա էլ թող իրենք ասեն։
  4. Ես պատրաստ եմ իմ ուժերի ներածի չափով ամեն ինչ անել, որ քեզ այնքան գոհացնեմ, որ ստիպված չլինես իմ մասին բացասական խոսել մարդկանց ներկայությամբ։ Դե, քանի դեռ արդեն խոսել ենք, կարո՞ղ ես ասել՝ ի՞նչ պիտի ես անեմ, որ քեզ գոհացնեմ։
  5. Այդ թեմայով մենք խոսել ենք առանձին, որովհետև դա մեր անձնական ընտանեկան թեման է։ Ինչ-որ բան սխա՞լ եմ արել, որ ստիպված եղար բոլորի ներկայությամբ ինձ արժեզրկել։
  6. Եթե մենք սկսել ենք մեր ընտանիքի ներքին թեման խոսել բոլորի առաջ, ապա կարո՞ղ եմ ներկաներին ես էլ մեր ներքին խոհանոցից մի քանի թեմա ևս առաջարկել։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի քննարկել․․․
  7. Ինձ արժեզրկելու թեման քննարկենք հիմա՞, թե՞ ամեն դեպքում քաղաքակիրթ գտնվենք՝ սպասենք հյուրերը գնան։
  8. Ես ապրում ու գործում եմ այնպես, ինչպես ինձ դաստիարակել են, ու հենց այդպես էլ Ձեր տղան ինձ հավանել է։ Ուզում եմ հասկանալ՝ խնդիրը ի՞նձ հետ է, թե՞ ինձ նվաստացնելով ուզում եք տրորել Ձեր տղայի ընտրությունը։
  9. Երբ ես ու Ձեր տղան իրար ընտրեցինք, չէինք մտածում, որ, բացի իրարից, բոլորին հաճեցնելու պարտականություն ևս ունենք։ Հավանաբար, ինչ-որ բան է փոխվել, ու դա ես այսօր կքննարկեմ ամուսնուս հետ։
  10. Այս մասին առանձին կխոսեմ ամուսնուս հետ ու խոստանում եմ՝ բոլորիդ մեկ առ մեկ տեղյակ կպահեմ մեր որոշման մասին։
  11. Ես դեռ ձայն չեմ հանի։ Ուզում եմ տեսնել՝ ներկաների կողմից ինչպես է ընկալվում ինձ, իրենց մոտ վիրավորելու տեսարանը։
  12. Դուք վստա՞հ եք, որ ներկաներին հաճելի է տեսնել, թե ինչպես եք ինձ փնովում ու արժեզրկում։

Նշված պատասխանները շաբլոնային ֆորմատով են, որոնք կարող եք նույնությամբ ասել, եթե հարմար կլինի տվյալ իրավիճակին, ձեր խոսակցական ոճին, սակայն պարտադիր չէ կրկնել գրվածն ամբողջությամբ։ Կարևոր է պատկերացնել հիմքը, կառուցել Ձեր պատասխանը։ Այս պատասխանների իմաստը ներկաների գիտակցությունը արթնացնելն է այն փաստի նկատմամբ, որ քննարկվող թեման վերաբերում է Ձեր անձնական խոհանոցին կամ ուղղակի կերպով վիրավորում է Ձեզ, ու որ իրենք այս պահին ներկա են այդ տհաճ տեսարանին։ Նման պատասխանները ներկաներից ոմանց կարող է ստիպել, որ վերջիններս հորդորեն դադարեցնել ու փոխել թեման։